կարևոր
703 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-25 19:35
Հասարակություն

Վեհափառի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին

Վեհափառի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում ներկայացվեցին տեսանյութերը, որոնք դրված են գործի հիմքում։

Դատական նիստի ընթացքում Գևորգ և Համբարձում Ներսիսյանների պաշտպան, փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնեց, որ Գևորգ Ներսիսյանի բժշկական փաստաթղթերը ներկայացվել են դատարանին և լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն կա։ Բացի այդ, փաստաբանը նշեց, որ Գևորգ Ներսիսյանը դեկտեմբեր ամսին գտնվել է կալանավայրում, չի ներկայացել թոշակի հետ կապված հարցերը կարգավորելու համար, և թոշակը կասեցվել է: Փաստաբանը բանավոր միջնորդեց հնարավորություն տալ Գևորգ Ներսիսյանին ներկայանալ սոցիալական ծառայություն՝ թոշակին առնչվող հարցերը կարգավորելու։ Դատավորը պահանջեց հաջորդ դատական նիստին գրավոր ներկայացնել միջնորդությունը։

Փաստաբանը դատարանից հավելյալ ժամանակ խնդրեց իր պաշտպանյալների հարցաքննություններին պատրաստվելու համար։ Դատարանը համաձայնեց հետաձգել դատական նիստը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքային ժամն ավարտին էր մոտենում։ : Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին 16:00-ին:

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբր փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։