կարևոր
919 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-24 23:41
Քաղաքական

Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկատուների գումարները Լոս Անջելես կատարած անօգուտ ուղևորության վրա. Հարութ Սասունյան

Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկատուների գումարները Լոս Անջելես կատարած անօգուտ ուղևորության վրա. Հարութ Սասունյան

Հայաստանում տիրող աղետալի իրավիճակը բարելավելու և հայրենիքի անվտանգությունն ամրապնդելու փ​ոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հայկական Սփյուռքըհեռացնելու գործով։

Անցած շաբաթ Փաշինյանն իր երկու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ գլխավոր խորհրդական և ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին և աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ուղարկեց Լոս Անջելես՝ իբր «հակազդելու ապատեղեկատվությանը», որ տարածում են Միացյալ Նահանգներում ապրող հայերը։ «Ապատեղեկատվությանը» հակազդելու փոխարեն, իրականում նրանք էին տարածում «ապատեղեկատվություն» Հայաստանի ներկա վիճակի մասին: Նրանք ոչ միայն վատնեցին իրենց ժամանակը, այլև, ավելի կարևորը՝ վատնեցին հայ հարկատուների գումարները:

Ահա այն սխալներիցմի քանիսը, որոնք այս երկուսը թույլ տվեցին իրենց այցի ընթացքում․

1) Փետրվարի 18-ին նրանք ելույթ ունեցան Գլենդեյլում Լոս Անջելեսի Իրանահայ միությունումփոքրաթիվ հայերի առաջ։ Քանի որ նրանց ժամանման մասին որևէ հայտարարություն չէր արվել, համայնքից գրեթե ոչ ոք տեղյակ չէր, որ նրանք քաղաքում են։ Հայկական լրատվամիջոցներում նույնպես որևէ ծանուցում չկար նրանց ներկայության մասին։ Եթե նրանք թաքցրել են իրենց այցի մասին տեղեկությունը՝ վախենալով բողոքներից կամ քննադատությունից, ապա ընդհանրապես չպետք է գային։ Նրանց կասկածամտության նշան էր այն, որ հրավիրել էին միայն մի քանի կողմնակիցների և մուտքի մոտ կանգնեցրել երկու հոգու՝ համոզվելու համար, որ անցանկալի հյուրեր չեն հայտնվի։

2) Եթե նրանց նպատակը հակահայաստանյան «ապատեղեկատվական արշավին» հակազդելն էր, ապա՝

ա) Ինչո՞ւ նրանք իրենց հանդիպումը չէին կազմակերպել շատ ավելի մեծ դահլիճում, որպեսզի նրանց ուղերձը լսելի դառնար հազարավոր տեղացի հայերի համար, այլ ոչ թե ընդամենը հարյուրի։ Ապշեցուցիչ է, բայց ինձ ասացին, որ հանդիպմանը չէր մասնակցում նույնիսկ Հայաստանի տեղի գլխավոր հյուպատոսը։

բ) Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նրանք չէին հրավիրել լրատվամիջոցներին իրենց ճեպազրույցին։

գ) Ինչո՞ւ նրանք չէին կազմակերպել մամուլի ասուլիս հայկական լրատվամիջոցների հետ՝ իրենց ուղերձը համայնքին հասցնելու համար։ Եթե նրանք չեն կարող առերեսվել հայկական լրատվամիջոցներին, ապա ինչպե՞ս կարող են դիմակայել Հայաստանիիսկական հակառակորդներին։

դ) 2025 թվականի ապրիլի 1-ին Հայաստանը վարձել էրամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը՝ ամսական 50 հազար դոլար վճարով: Այդ ժամանակվա դեսպան Մակունցի ստորագրած պայմանագրում նշված էր, որ Mercury-ն պետք է Հայաստանին տրամադրեր «ռազմավարական հաղորդակցության և մեդիա հարաբերությունների ծառայություններ»: Ինչո՞ւ Հայաստանը պետք է վճարի մասնագիտական ընկերությանը ամսական 50 հազար դոլարի չափ մեծ գումար և չօգտվի նրա ծառայություններից: Mercury-ն հեշտությամբ կարող էր կազմակերպել մամուլի ասուլիս թե՛ ամերիկյան, թե՛ հայկական լրատվամիջոցների համար, ինչպես նաև հանդիպումներ պետական պաշտոնյաների և հայկական ու ամերիկյան կազմակերպությունների ղեկավարների հետ:

ե) Մեկ այլ սխալ, որ Մակունցն ու Հարությունյանը թույլ տվեցին, այն էր, որ իրենց ամերիկյան այցի ծրագրից դուրս թողեցին Զարեհ Սինանյանին, այսպես կոչված ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, որը պետք է պատասխանատու լինի Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների համար։ Եթե Զարեհը որևէ սկզբունքայնություն ունենար, նա նույն օրը պետք է հրաժարական տար։ Սակայն իրական մեղքը Փաշինյանինն է, որը երկիրը կառավարելու փորձ չունի։ Հակառակ դեպքում նա չէր նշանակի Զարեհի նման անփորձ անձի։ Ցավոք, անձեռնհաս վարչապետը նշանակում է նույնքան անձեռնհաս պաշտոնյաներ։ Բացի այդ, Փաշինյանը Մակունցին նշանակեց ԱՄՆ-ում դեսպան, չնայած վերջինս չուներ նման կարևոր մայրաքաղաքում դեսպան լինելու անհրաժեշտ փորձ։ Նա չորս տարի որպես դեսպան ծառայեց Վաշինգտոնում՝ հազվադեպ հանդիպելով պետական պաշտոնյաների հետ։ Նրան աշխատանքից ազատելու փոխարեն՝ Փաշինյանը պարգևատրեց նրան՝ նշանակելով վարչապետի գլխավոր խորհրդական։ Սա այն դեպքն է, որ կույրն առաջնորդում է կույրին։ Նրա միակ հիշարժան ձեռքբերումը Փաշինյանին որոշ չափով անգլերեն սովորեցնելն էր։

զ) Ցավոք, ո՛չ Մակունցը, ո՛չ էլ որևէ այլ հայ պաշտոնյա ոչ մի խոսք չասացին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից երկու շաբաթ առաջ Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո իր թվիթերյան գրառումից Հայոց ցեղասպանության եզրույթը հեռացնելու մասին: Անցած շաբաթ, երբ FOX-TV-ն խնդրեց Մակունցին մեկնաբանել Վենսի այդ վիրավորական քայլը, նա «մերժեց մեկնաբանել»: Ավելին, նա Թուրքիան ներկայացրեց որպես մի երկիր, որի հետ «մենք ունեցել ենք շատ դժվարին պատմություն․․․»:

Անցած շաբաթ ես տեղեկացա ավելի տարօրինակ մի իրավիճակի մասին․ վարչապետի զուգընկերուհի Աննա Հակոբյանը Կատարից Լոս Անջելեսով մեկնեց Ֆորտ Ուորթ, Տեխաս, այցելեց բուդդայական վանականների Huong Dao Vipassana Bhavana կենտրոնը: Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում նա արցունքն աչքերին խոսել է՝ համեմատելով բուդդայական վանականների 2500 մղոնանոց «Խաղաղության քայլարշավը» Միացյալ Նահանգներով մեկ Փաշինյանի 2018 թվականին Գյումրիից Երևան կատարած քայլերթի հետ: Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ քայլում է «Խաղաղության շուն Ալոկայի» հետ, որն ուղեկցել է վանականներին, ինչպես որ, իր խոսքով, Չալո անունով հայկական շունը ուղեկցել էր Փաշինյանին նրա հայտնի քայլերթի ընթացքում:

Անցած շաբաթ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում նաև հրապարակեց տարօրինակ մեկնաբանություն՝ «Վարչապետ Փաշինյանի և իմ քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է»։ Որոշ մարդիկ այս հաղորդագրությունը մեկնաբանեցին որպես բաժանման հայտարարություն, իսկ մյուսները կարծեցին, թե զույգը վերջապես որևէ արարողությամբ ամուսնացել է՝ տասնամյակներ միասին ապրելուց և չորս երեխաներ ունենալուց հետո։ Մեկ տարի առաջ Փաշինյանը Ֆեյսբուքում հայտարարել էր, որ ինքը և Աննան չունեն ո՛չ եկեղեցական, ո՛չ էլ քաղաքացիական ամուսնություն։  Երջանկություն եմ մաղթում նորապսակներին։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի