կարևոր
436 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-20 14:07
Աշխարհ

Զելենսկին հույս ունի զարգացնել պաշտպանական համագործակցությունը Ճապոնիայի հետ

Զելենսկին հույս ունի զարգացնել պաշտպանական համագործակցությունը Ճապոնիայի հետ

Ուկրաինան հույս ունի զարգացնել պաշտպանական համագործակցությունը Ճապոնիայի հետ և ողջունում է վարչապետ Սանաե Տակաիչիի քաղաքականությունը՝ ընդլայնելու պաշտպանական արտադրանքի արտահանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ճապոնիայի Kyodo լրատվական գործակալության հետ հարցազրույցում:

Զելենսկին հատկապես ընդգծել է Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Տակաիչին կբացի «երկխոսության միջանցք» այդ ուղղությամբ: Նա նաև ցանկություն է հայտնել հանդիպելու Ճապոնիայի վարչապետի հետ՝ հավելելով, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած ձևաչափով՝ միջազգային միջոցառման շրջանակներում հանդիպումից մինչև իր այցը Ճապոնիա:

Այժմ Ճապոնիայում գործող կանոնների համաձայն՝ պաշտպանական սարքավորումների մատակարարումը թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե դրանք օգտագործվելու են հինգ ոլորտում, որոնք կապված չեն մահացու զենքի կիրառման հետ՝ փրկարարական գործողություններ, տեղափոխում, նախազգուշացում, հսկողություն և ականազերծում:

Ավելի վաղ Տոկիոն Կիևին է փոխանցել Ինքնապաշտպանության ուժերի մոտ 100 փոխադրամիջոց, այդ թվում՝ բեռնատարներ: Ճապոնիան նաև Ուկրաինային է ուղարկել մի քանի խմբաքանակ բեռներ Ինքնապաշտպանության ուժերի պահուստներից, այդ թվում՝ զրահաբաճկոններ, սաղավարտներ, ձմեռային համազգեստ, սննդի չափաբաժիններ, վրաններ, սանիտարական միջոցներ և էլեկտրագեներատորներ:

Այս շաբաթ ավելի վաղ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել էր, որ Ուկրաինայի համար Ճապոնիայի կառավարության կողմից հայտարարված օգնության ընդհանուր ծավալը կազմում է 20 միլիարդ դոլար: