|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Իսրայելը պահանջում է ոչ միայն դադարեցնել Իրանում ուրանի հարստացման գործընթացը, այլև մերժել Թեհրանի կողմից նման գործունեություն ծավալելու ցանկացած հնարավորություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Երուսաղեմում առաջատար ամերիկյան հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ խոսելով փետրվարի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին՝ Նեթանյահուն կրկին կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի հեռանկարները։
«Բայց ես ասել եմ, որ եթե հնարավոր լինի հասնել համաձայնության, այն պետք է պարունակի մի քանի կետեր, որոնք մենք կարևոր ենք համարում ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների, տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար։ Նախ, բոլոր հարստացված նյութերը պետք է հեռացվեն Իրանից։ Երկրորդ, չպետք է լինի հարստացման ուղղղությամբ որևէ գործունեություն, այսինքն, պետք է ապամոնտաժվեն հարստացման հնարավորություն տվող սարքավորումները և ենթակառուցվածքները։ Եվ երրորդ, բալիստիկ հրթիռների հարցը նույնպես պետք է լուծվի», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Փետրվարի 6-ին Օմանում տեղի էր ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։