|
Փոխարժեքներ
05 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.26 |
| EUR | ⚊ | € 446.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9259 |
| GBP | ⚊ | £ 518.67 |
| GEL | ⚊ | ₾ 140.65 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ամենակարևոր տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային ակտիվությունը նկատելի չէ, բայց վերջին տարիներին դիզած հարստությունը՝ ակնբախ։
Գրեթե 20 տարի ՀՀ իրավապահ համակարգում աշխատելուց հետո ՀՀ կառավարությանն ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 2020 թվականին նշանակվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, ապա դարձավ Տեսչության պետ։
Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Հովհաննես Մարտիրոսյանը միայն 2021 թվականին գնել է 6 անշարժ գույք Երևանում՝ 2 անհատական բնակելի տուն, 1 հողամաս, 2 հողին ամրակայված այլ անշարժ գույք, 1 ավտոտնակ։


Հետ գնալով 2023 թվականի հայտարարագրին՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Մարտիրոսյանն այս գույքերը 2023 թվականին չի հայտարարագրել, ինչը կոպիտ և պատժելի օրինախախտում է։ Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է միայն 1 անհատական բնակելի տուն։ Հետաքրքիր է՝ այդ ինչպես է ստացվել, որ նախկինում չհայտարարագրված 5 գույքը անակնկալ հայտնվել են 2024 թվականի հայտարարագրում։
Հետաքրքիրն այն է, որ անգամ 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Մարտիրոսյանը 6 գույք չի ունեցել։
Մարտիրոսյանը 2020 թվականից ի վեր հայտարարագրել է MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։
Բանկային հաշիվների մնացորդները նվազել են՝ գրեթե 400 հազար դրամով՝ 1 մլն 520 հազար դրամից դառնալով 1 մլն 123 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովհաննես Մարտիրոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 862 հազար դրամ, որից 14 մլն 668 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Բացի այս եկամուտից՝ 20 տարի աշխատելով իրավապահ համակարգում՝ Մարտիրոսյանը տարեկան 1 մլն 194 հազար դրամ կենսաթոշակ է նաև ստանում։
Ինչ վերաբերում է ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդին, ապա հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 7 մլն 176 հազար դրամ։ Այսինքն՝ այդքան մեծ թվով անշարժ գույք գնած պետական պաշտոնյան հիփոթեքային վարկ չի վերցրել։
Թերևս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է զբաղվի՝ պարզելու, թե ողջ կյանքը պետական համակարգում աշխատած նախկին ոստիկանը՝ Մարտիրոսյանը, ինչպես է 1 տարում 6 գույքի տեր դարձել»։