կարևոր
1045 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-28 23:17
Հասարակություն

Ահազանգ. մահացած ջավախահայերի վերաբերյալ անաչառ քննություն չի իրականացվում

Ահազանգ. մահացած ջավախահայերի վերաբերյալ անաչառ քննություն չի իրականացվում

Փաստաբան Ղևոնդ Պապոյանն ահազանգում է.

«2024 թ․ դեկտեմբերի 28-ին Գյումրի – Բավրա ճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած Վրաստանի քաղաքացիներ (ջավախահայեր) Անի Էլոյանի և նրա ամուսնու՝ Սևակ Վարդանյանի վերաբերյալ քրեական վարույթով անաչառ նախաքննություն չի իրականացվում։

Կան հիմնավոր կասկածներ, որ պատահարի մասնակից ավտոմեքենայի վարորդը փոխված է։

Փաստերը վկայում են նաև այն մասին, որ քրեական վարույթով չեն կատարվել անհետաձգելի քննչական և ապացուցողական գործողություններ։

Փորձագետներին է ներկայացվել քրեական վարույթով սխալ և թերի տվյալներ, որոնք էլ նպաստել են թերի և անհիմն եզրակցության տրմանը։ Եղածի առանձնակի վտանգավորությունն այն է, որ, հնարավոր է, փորձ է արվում թաքցնել, կոծկել գործի իրական հանգամանքները և հասնել նրան, որ տուժողների ավտոմեքենային բախված տրանսպորտային միջոցի վարորդը համարվի անմեղ։

Նշեմ, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած ամուսիններն ունեն երեք մանկահասակ երեխաներ, որոնցից մեկը պատահարի պահին եղել է ընդամենը երկու ամսական, միջնեկը՝ տարի ու կես, իսկ մեծը՝ յոթ տարեկան։

Որբացած երեխաների խնամքով շատ մեծ դժվարությամբ զբաղվում են նրանց պապը և տատը, ովքեր պահանջում են արդարություն և ճշմարտության բացահայտում»։