կարևոր
3340 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-09 18:22
Քաղաքական

Եթե նույնիսկ Վատիկանին կից դարձնեք ապագա նախարարությունը, դժվար թե կարողանաք ստեղծել անաչառ, ապաքաղաքական մարմին․ Լիլիթ Գալստյան

Կարծում եմ ոստիկանության ոլորտի բարեփոխումներով ավելի քան շահագրգիռ է նախևառաջ ընդդիմությունը, բայց փորձեմ մի քիչ հեռվից գալ։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած ոստիկանական վայրագությունների հաջորդ օրը երբ Ֆրանսիայի հրապարակում հանդիպեցի բարձրաստիճան ոստիկաններից մեկին հայացքս թեքեցի և չբարևեցի կարծում եմ՝ նա հասկացավ։ Նախորդ գիշեր ոստիկանության բաժիններում նաև փողոցներում ոստիկանների վայրագությունների ականատեսը լինելուց հետո դժվար էր անգամ ոստիկանին հայացք ուղղել։ Նույն ոստիկանն ինձ ասեց՝ կարծո՞ւմ եք ոստիկանը ժողովրդինն է․ ոչ, երբեք չի եղել և չի լինի։ Ես այդ անկեղծության կարիքը չունեի, որովհետև նախորդ գիշեր եղել էի ոստիկանության բաժիններում և տեսել էի անձամբ ոստիկանների կողմից կեղեքված և մարմնական ծանր վնասվածքներով ձերբակալվածների, ավելին՝ նույն գիշերը Կենտրոնի ոստիկանության բաժնում իմ  ներկայությամբ բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը և նաև այլ ոստիկաններ բառիս բուն իմաստով կեղեքել էին Բաղրամյանից բերման ենթարկած մի երիտասարդի։ Իմ ներկայությունը անգամ չզսպեց նրան, որպեսզի Շտապօգնության բժիշկներին թույլ տալ օգնություն ցույց տալ տվյալ ձերբակալվածին, որին ձեռնաշղթաներով ծեծել էին»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազին և բոլոր փաստերը կատարվել էին ոչ միայն իր, այլ նաև փաստաբանի ներկայությամբ։ Նրա խոսքով՝ եթե պատգամավորի ներկայությամբ այդ է վիճակը, դժվար չէ պատկերացնել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվում։

«Մենք՝ պատգամավորներս, այդ վայրագությունները ճաշակել ենք, էլ չեմ խոսում զոհվածների մայրերի նկատմամբ բերետավորների և պարեկների անհամաչափ բռնի գործողությունների մասին։ Դատախազությունն իհարկե պատասխանեց, որ վարույթ է տրվել, բայց անցել է արդեն 6 ամիս և այդպես էլ երբևէ չփորձեցին ինձ հետ կապ հաստատել և փաստերով հիմնավորել կամ հակառակը։ Իսկ այս ընթացքում ոստիկանների ապօրինի կեղծ ցուցմունքներով ապօրինի քրեական և վարչական ձերբակալությունների են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիներ՝ ընդդիմադիր քաղաքական հայացներ ունենալու համար։ Ես շատ եմ ուզում, որ բարեփոխման ենթարկվի ոստիկանության համակարգը։ Այս քաղաքական մշակույթի պայմաններում արդյո՞ք դուք հնարավոր տեսնո՞ւմ եք որպեսզի ոստիկանությունը իրապես լինի ապաքաղաքական և անաչառ մարմին։ Ես խորապես կասկածում եմ, և սա գտնվում է քաղաքական մեծամասնության պատասխանատվության դաշտում և եթե նույնիսկ Վատիկանին կից դարձնեք ապագա նախարարությունը, այս մշակույթի և քաղաքական ավանդույթի պայմաններում դժվար թե կարողանաք ստեղծել անաչառ, ապաքաղաքական մարմին»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։