Միասին կարող ենք
կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-19 16:28
Հասարակություն

Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում

Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանի պետական քարտուղար (վարչապետ), կարդինալ Պիետրո Պարոլինի հետ քննարկել է արցախցիների հարցն ու գերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է կաթողիկոսության մամուլի գրասենյակը։

Վեհափառ հայրապետը շեշտել է, որ արցախահայության վերադարձը, նրանց իրավունքների վերահաստատումը, պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանությունն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուտափույթ ազատ արձակումը հայ եկեղեցու և ժողովրդի համար հրամայական են, և նա այս կապակցությամբ հայցել է Սուրբ աթոռի աջակցությունը։

«Արամ Ա.-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Սուրբ աթոռի անփոփոխ դիրքորոշումը», - ասված է հայտարարությունում։

Կարդինալ Պարոլինն իր հերթին հայտնել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Վատիկանը ընդհանուր առմամբ Արցախի և հատկապես բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կաթողիկոսը մանրամասն անդրադարձել է Լիբանանում տիրող իրավիճակին։ Նա բարձր է գնահատել երկրի նախագահի ու վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տարվող հետևողական աշխատանքը։

Անդրադառնալով հարավային Լիբանանի ճգնաժամին՝ Արամ Ա-ն հստակ դիրքորոշում է հայտնել ռազմական ներկայության վերաբերյալ։

«Իսրայելը պետք է իր զինվորական ուժերը քաշի հարավային Լիբանանից, երկրի բանակը ստանձնի ընդհանուր ապահովությունը, և Լիբանանի պետությունը վերահաստատի իր գերիշխանությունը բոլոր շրջաններում», - նշված է հաղորդագրությունում։

Նա շեշտել է ներքին միասնականության ամրապնդման կարևորությունը բոլոր համայնքների միջև և Վատիկանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած շարունակական զորակցության համար։