կարևոր
1111 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-28 09:43
Հասարակություն

Ինչու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկեցին․ «Հրապարակ»

Ինչու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկեցին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին կառուցած բարերար Համլետ Գորոյանը եւ Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, որը ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի եւ պահանջել, որ տեղում ծառայություն իրականացնող Արտաշես քահանա Հակոբյանն ազատի եկեղեցին եւ հանձնի բանալիները։

Արտաշես քահանան, հիշեցնենք, շաբաթվա սկզբին միացել էր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հոգեւորականների նախաձեռնած բարենորոգման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարեց, որ հրաժարվում է այդ որոշումից։ Շաբաթ օրը նա հրապարակավ հայտարարեց բարերարի եւ վարչական ղեկավարի՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին, հայտնելով նաեւ, որ եկել-սպառնացել գնացել են, սակայն ասել են, որ մի քանի ժամ հետո վերադառնալու են, եթե ինքնակամ չլքի, ապա եկեղեցու դռան կողպեքն են փոխելու։ Երեկվա դրությամբ, սակայն, ո՛չ բարերարը եւ ո՛չ էլ այլ անձինք չեն վերադարձել եկեղեցի:

Մեզ ասացին, որ քահանայի ահազանգին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ, լուսաբանել կատարվածը, որից հետո համայնքի տասնյակ հարյուրավոր բնակիչներ շտապել են եկեղեցի` կանգնել նրա կողքին եւ աջակցություն հայտնել Մայր Աթոռի սպասավորին։ Ասել են նաեւ, որ պատրաստ են անձամբ վռնդել բարերարին ու ցանկացած մեկին, ով կհանդգնի քահանային հանել եկեղեցուց։ Ըստ ամենայնի՝ համայնքի բնակիչների միասնականության մասին տեղեկացել են նաեւ իշխանավորները եւ որոշել են կրակի հետ չխաղալ` իրավիճակը չսրել ու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկել: Պարզ է, որ ժողովրդի միասնականության առաջ «չարեփոխիչները» եւ անգամ ուժային կառույցները տնօրինող Փաշինյանը նահանջում են: