կարևոր
844 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-26 23:15
Հասարակություն

Շնորհակալություն, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք. Կանադահայոց թեմի առաջնորդ

Շնորհակալություն, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք. Կանադահայոց թեմի առաջնորդ

Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանի ուղերձը քահանա հայրերին՝ Հայաստանում և Սփյուռքում.

«Արժանապատի՛վ լծակից հայրեր, Սուրբ Սեղանի սպասավորնե՛ր, Քրիստոսի հոտի հսկող և պահապան հովիվնե՛ր։ Խորին ակնածանքով և սրտի խոնարհությամբ եմ դիմում ձեզ՝ գիտակցելով և ձեզ էլ հիշեցնելով, որ քահանայական ծառայությունը, ըստ սուրբ հայրերի վկայության, մարդկային կարողություններից վեր է և իրագործվում է միայն Աստծու ողորմությամբ ու շնորհով, քանի որ «Քահանայությունը իրագործվում է երկրի վրա, բայց պատկանում է երկնային կարգերին»:

Այս օրերին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անցնում է ծանր փորձությունների միջով, երբ վտանգված է նրա միասնությունը, առկա է պառակտման սպառնալիք, երբ խռովության ու գայթակղության ալիքները փորձում են խաթարել ներեկեղեցական և ներազգային խաղաղությունը, հատկապես դո՛ւք, որ ծառայում եք Հայաստանում, ձեր կեցվածքով վկայեցիք, թե ի՛նչ է նշանակում լինել ճշմարիտ հովիվ. դուք չխոնարհվեցիք իշխանության պահանջների և ճնշման առջև, չտատանվեցիք, չվախեցաք՝ հավատարիմ մնալով դարերով սրբագործված Ավանդությանը, Հայ Առաքելական Եկեղեցու սկզբունքներին ու կանոններին, մեր հոգևոր առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:

Այն պահին, երբ ձեզանից սպասվում էր զիջում, դավաճանություն և դավադրություն, ճշմարտության խեղաթյուրում, դուք ցուցաբերեցիք անսասանություն և բարձր պահեցիք քահանայի արժանապատվությունը: Երբ առաջարկվում էր հարմարավետություն, դուք ընտրեցիք խաչը՝ հավատարիմ մնալով քահանայական կոչմանը, կանգնեցիք Աստծու և ժողովրդի միջև՝ առանց խեղաթյուրելու ճշմարտությունը և առանց դավաճանելու խղճին: «Ով կանգնած է սրբարանի առաջ, պարտավոր է մաքուր լինել ոչ միայն մարդկանց առջև, այլ առավե՛լ ևս՝ Աստծու առջև» (Հովհան Ոսկեբերան):

Դրա համար իմ խղճի և եպիսկոպոսական պարտքն եմ համարում սրտի խորքից ձեզ շնորհակալություն հայտնելը, որ թույլ չտվեցիք քահանայությունը վերածելու արհեստի և չդարձաք պատվեր կատարող արհեստավորներ, չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք՝ ընդդեմ մեր Եկեղեցու և մեր Հայրապետի: Որպես ծառայակից եղբայր, քաջալերում եմ ձեզ մնալու ճշմարիտ հովիվներ և երբեք չդառնալու վարձկաններ: «Քահանան կոչված է կանգնելու փոթորկի մեջ և փրկելու ոչ թե իրեն, այլ հոտին» (Հովհան Ոսկեբերան):

Խորագույն հարգանքով խոնարհում եմ գլուխս ձեր առջև, հոգով ծնկում եմ յուրաքանչյուրիդ առջև և ակնածանքով համբուրում եմ ձեր՝ Սրբալույս Մյուռոնով դրոշմված աջը՝ ա՛յն աջը, որ օրհնում է ժողովրդին և կրում է Եկեղեցու համար պատասխանատվության ծանր բեռը:

Թո՛ղ Տերն ամեն ժամ զորացնի ձեզ՝ անսասան մնալու ձեր առաքելության ու ծառայության լիարժեք իրագործման և ճշմարտության հաստատման մեջ։ Եվ թո՛ղ Տերը հատուցի ձեզ՝ որպես բարի ու խիզախ ծառաների՝ ձեր ցուցաբերած հավատարմության համար:

Ընդունեցե՛ք իմ եղբայրական հորդորները՝ առաքյալի խոսքերով. «Արթո՛ւն եղեք և հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա»: