|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին մասնակցելու հրավերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ի «Տելեգրամ»-ի ալիքը, Պուտինը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ասելով․ «Մենք միշտ աջակցել ու աջակցում ենք ցանկացած ջանքի՝ ուղղված միջազգային կայունության ամրապնդմանը: Ընդգծում ենք նաև այն ներդրումը, որ ԱՄՆ գործող վարչակազմը ունի ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնումներում»։
Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկին՝ ՌԴ ղեկավարը տեղեկացրել է, որ արտգործնախարարությունը կուսումնասիրի ստացված փաստաթղթերը, խորհրդակցություններ կանցկացնի ռազմավարական գործընկերների հետ, որից հետո միայն կտա իր պատասխանը հրավերին:
«Մեզ ներկայացված առաջարկը հիմնականում կենտրոնանում է Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման և պաղեստինցի ժողովրդի հրատապ խնդիրների, ինչպես նաև Գազայի հատվածում առկա սուր մարդասիրական իրավիճակի հնարավոր լուծումների որոնման վրա։
Այս առումով ես կառանձնացնեմ ամենակարևոր կետը։ Հիմնականն այն է, որ ամբողջ գործընթացը պետք է դրական ազդեցություն ունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ կարգավորման վրա՝ հենվելով Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան որոշումների վրա։ Եվ կարևոր է, որ հաշվի առնվեն պաղեստինցիների հիմնարար կարիքներն ու ցանկությունները»,- նշել է նա։
Անկախ մասնակցության որոշում կայացնելուց, Պուտինն առաջարկել է ԱՄՆ դեռ նախորդ վարչակազմի կողմից ռուսական սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղղել «Խաղաղության խորհրդին»՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի հետ Ռուսաստանի յուրահատուկ հարաբերությունները: Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվների մնացած մասը կարող է ուղղվել ռազմական գործողություններից տուժած տարածքների վերականգնմանը:
Նա հայտնել է, որ այս հարցը ծրագրում է առաջիկայում քննարկել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի, ինչպես նաև ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումների ժամանակ։