կարևոր
691 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-21 17:03
Իրավական

Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ

Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ

«Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի անունը շոշափող քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված է 23 անձ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ինչպես արդեն հայտնել ենք` քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է շուրջ 2 ամիս առաջ` նոյեմբերին, Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Պաշտպան Արսեն Բաբայանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ընդգծել է, որ  Խաչիկ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, այն ամբողջությամբ հնարովի է, «Հայրենիք» կուսակցությունը երբեք ընտրակաշառքի հետ առնչություն չի ունեցել, մշտապես քննադատել է կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները։ Խաչիկ Գալստյանից բացի քրեական վարույթով նույն օրը ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Արամ Քոչարյանը։ 

Ընդհանուր առմամբ, այս պահին վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի 23 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձանց նկատմամբ:

«Վերջիններս մեղադրվում են Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։ Նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ»,- նշեցին ՀԿԿ-ից: