|
Փոխարժեքներ
20 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.89 |
| EUR | ⚊ | € 440.42 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 508.05 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, հունվարի 16-ին Բրատիսլավայում կայացել է Հայ առաքելական եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը, որը դիտարկվում է որպես Հայաստանի ներսում Եկեղեցու դեմ աճող ճնշումներին միջազգային համակարգված հակազդեցության մեկնարկ։ Նիստը անցկացվել է հիբրիդային ձևաչափով։ Այն վարել են կոմիտեի նախագահ, Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի և Վիեննայի ակումբի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը, միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Ռոբերտ Ամստերդամը և Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին։
Մեր տեղեկություններով, նիստի ընթացքում քննարկումները կրել են փակ, գործնական բնույթ, և շեշտը դրվել է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների վրա։ Առանձին անդրադարձ է եղել Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկված բարձրաստիճան հոգևորականների հարցին, որոնց անհապաղ ազատ արձակման պահանջը կոմիտեն դիտարկում է որպես առաջնահերթություն։
Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Նորին Սրբություն Հայր Հովհաննեսը առցանց ելույթում նշել է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Եկեղեցին գործում է բացառապես կանոնական դաշտում, իսկ ներկայիս ճնշումները դուրս են ներեկեղեցական քննարկումների շրջանակից և ունեն համակարգային բնույթ։
«Փաստի» աղբյուրները հայտնում են, որ Ռոբերտ Ամստերդամը ներկայացրել է արդեն ձևավորվող միջազգային քայլերի փաթեթը, որը ներառում է ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հարթակներում հարցի բարձրացում, եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված պաշտոնական դիմումներ, ինչպես նաև դատական գործընթացների նախապատրաստում ազգային և միջազգային ատյաններում։ Քննարկվել է նաև Սուրբ Աթոռին դիմելու նախաձեռնությունը՝ Հայ առաքելական եկեղեցին որպես աշխարհի առաջին քրիստոնեական եկեղեցի պաշտպանելու կոչով։
ԱՄՆ-ում ևս նախատեսվում է ակտիվ աշխատանք։ Դոնալդ Թրամփի երկարամյա գործընկեր Գվիդո Լոմբարդին հայտնել է, որ հարցը առաջիկայում կտեղափոխվի ամերիկյան քաղաքական և միջկրոնական հարթակներ, այդ թվում՝ Վաշինգտոնում նախատեսվող միջազգային համաժողովի շրջանակում։
Նիստի ավարտին կոմիտեն որոշում է ընդունել համակարգված կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյաների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։