կարևոր
889 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-15 09:39
Հասարակություն

Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»

Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հերթական քպական «կարկառունը», «Մեր ձևով» շարժումից ջղաձգումների մեջ ընկած, որոշել է հաշվել Կարապետյաննների մեկ օրվա ծախսն ու ինչ-որ թվեր է հրապարակ նետել: Դժվար է ասել, թե ինչպես են հաշվել, ինչ մեթոդաբանությամբ, բայց դա նույնիսկ կարևոր չէ:

Կարևորագույնը պրիմիտիվագույն մանիպուլյացիայի «մեթոդն» է, թե «Կարապետյանի գերդաստանի օրվա սովորական ծախսը» քանի անգամ է ավելի «հեռվաշենցի Վարսիկ տատիկի մեկ տարվա ծախսից»: Հա, մեկ էլ, որ եթե Կարապետյանները մի օր չնախաճաշեն, այդ երևակայական «Վարսիկ տատիկը» անհամեմատ լավ կապրի:

Սա ասվում է Կարապետյանների մասին, որ իրենց ունեցվածքը բիզնես գործունեությամբ են վաստակել: Ըստ որում, մշտապես իրենց միջոցներուվ (առավելապես դրսում աշխատած) իրականացրել են խոշոր բարեգործական ծրագրեր: Միայն Արցախում, որը ՔՊ-ն ու Փաշինյանը հանձնեցին թշնամուն, Կարապետյանները ահռելի բարեգործական ծրագրեր էին իրականացրել: Էլ չենք խոսում Հայաստանի մասին: Ու «հեռվաշենցի Վարսիկ տատիկներին» երբեք չէին մոռանում:

Հիմա թե ինչ նախաճաշ են անում կամ չեն անում, իրենց օրինական ունեցած միջոցներով են անում: Իսկ ՔՊ կարկառուններն ի՞նչ միջոցներով են ոչ միայն ճոխ «նախաճաշում», այլև օրավուր հարստանում: Ճիշտ է՝ պետության, պետբյուջեի, մեր՝ հարկատուներիս հաշվին: Իսկ հետաքրքիր է, եթե այդ նույն պաշտոնյաները մի քիչ պակաս պարգևավճար ստանան (դե, ասենք, ոչ թե 6-7 միլիոն դրամ, այլ գոնե 600-700 հազար), բյուջեի հաշվին մի քիչ պակաս ֆռֆռան «աշխարհեաշխարհ», ինչքանո՞վ կլավանա «հեռվաշենցի Վարսիկ տատիկների» ու «հարևան Պողոսների» կյանքը: Ինչքա՞ն կլավանար նրանց կյանքը, եթե իշխանությունների ապաշնորհության պատճառով այս աստիճան գնաճ չլիներ, եթե 10 կամ 20 հազար դրամով կենսաթոշակ բարձրացնելը անիմաստ չհամարվեր (դե, կենսաթոշակառուի ինչի՞ն է դա պետք, կարևորը՝ քպականները լավ ապրեն), եթե... Եթե, մի խոսքով, իշխանության ղեկին այսօրվա իշխող քաղաքական ուժը չլիներ...