կարևոր
1126 դիտում, 13 ժամ առաջ - 2026-01-10 21:18
Հասարակություն

Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է, հանցակից մի դարձեք նրան. Արա Զոհրաբյան

Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է, հանցակից մի դարձեք նրան. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի հայտարարությունը.

«ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․

2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․

3. կազմակերպել է եկեղեցիների (Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին) զավթումը կամ դրա փորձը․

4. հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև:

Այս գործողությունները վերջին հաշվով տանելու են աղետի:

Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա եթե նրանցից ոմանք պետք է վախենալով կամ նյութական շահից ելնելով հանձնվեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա թող կատարեն իրենց ընտրությունը: Այդ եկեղեցականները չեն կարող հետագայում արդարանալ, թե այնպիսի բարդ իրավիճակ էր, որ չէին կողմնորոշվում, քանի որ իրականում ընտրությունը շատ պարզ է:

Մի կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արգելքը խախտած, Հայ Եկեղեցու պատմություն դասագիրքը կրթական ծրագրերից հանած, մեծ դժբախտություններ բերած և Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դուրս եկած իշխանությունն է, իսկ մյուս կողմից՝ իր Եկեղեցին:

Շատ պարզ երևում է, որ իշխանությունն է հանդիսանում Եկեղեցու հակառակորդ կողմը, ինչքան էլ փորձեն «բերման ենթարկված» եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել: Ապստամբած 10 եպիսկոպոսները 2025թ․ մայիսի 30-ից հետո բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների այս եկեղեցահալած գործողությունների վերաբերյալ: Նույնիսկ մյուս եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարություններ են տարածել: Ո՞նց եղավ, որ հիմա անցան իշխանության կողմը:

Ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող «մեղքերը», որոնք վերագրվում են նաև ապստամբած 10 հոգևորականներին, Նիկոլ Փաշինյանին չեն խանգարում այդ տասի հետ միասնական մեկ թիմ դառնալ: Ի՞նչ է նշանակում՝ եթե մեղավոր է, բայց մեր մեղավորն է, ապա խնդի՞ր չէ: Այս ի՞նչ երկակի ստանդարտ է:

ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել ու խախտելու Նիկոլ Փաշինյանը: Հանցակից մի դարձեք նրան: Ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ:

Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է: Դրա նշանները շատ պարզ են, բայց երկուսը ցույց կտամ՝

1. նրա իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ․

2. նա արդեն մոտեցել է մեր ինքնության միջուկին՝ Եկեղեցուն, որից այն կողմ արդեն ոչինչ չի լինելու, որը մեզ կպահի որպես արժանապատիվ քրիստոնյա ազգ:

Ես ընտրել եմ և ընտրում եմ Եկեղեցին։ 

Կատարեք ձեր ընտրությունը»: