կարևոր
2038 դիտում, 15 ժամ առաջ - 2026-01-09 12:38
Աշխարհ

Ուկրաինայում «Օրեշնիկ»-ի հարվածից ստեղծվել է էներգետիկ կոլապս․ նոր մանրամասներ

Ուկրաինայում «Օրեշնիկ»-ի հարվածից ստեղծվել է էներգետիկ կոլապս․ նոր մանրամասներ

Ուկրաինայից Yerkir.am-ի գործընկերը հայտնում է, որ հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը, մոտ ժամը 23:30-ից սկսած օդային տագնապի շչակները որոտացել են երկրի գրեթե ողջ տարածքում։

Ռուսաստանը կիրառել է անօդաչու սարքեր, «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ և բալիստիկ զինատեսակներ։

Ինչպես հայտնել էինք Ռուսաստանը հայտարարել էր, որ կիրառել է «Օրեշնիկ» տեսակի բալիստիկ հրթիռ։ Թիրախին հարվածելու պահին այն զարգացրել է ժամում 13 հազար կիլոմետր արագություն։

Ուշագրավ է՝ զինվորականները խոստովանում են՝ նման արագությամբ թռչող օբյեկտը որսալը ժամանակակից ՀՕՊ համակարգերի համար գրեթե անհնարին է։

Մարդիկ Կիևում գիշերն անցկացրել են անդադար պայթյունների ներքո։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ հրթիռներից մեկը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով զոհվել է ամբողջ ընտանիքը։

Թիրախում են հայտնվել նաև բժիշկները․ կրկնակի հարվածի հետևանքով զոհվել է շտապօգնության բժիշկը, ևս մի քանի բուժաշխատող ստացել են ծանր վնասվածքներ։

Մեր գործընկերոջ փոխանցմամբ՝ թիրախավորվել են նաև էներգետիկ հանգույցները։ Կիևում ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի խափանումներ են, իսկ բազմաթիվ քաղաքներ մնացել են ընդհանրապես առանց լույսի և ջեռուցման։ Սա այն դեպքում, երբ օդերևութաբանները կանխատեսում են դաժան ցուրտ։

Էներգետիկ կոլապսի և սպասվող սառնամանիքի ֆոնին իշխանությունները հորդորում են քաղաքացիներին անցնել առցանց աշխատանքի և դուրս չգալ տներից։

Բացի Կիևից և Լվովից, հարձակման տակ են նաև Օդեսան, Դնեպրը և Տերնոպիլը։