կարևոր
2281 դիտում, 18 ժամ առաջ - 2026-01-09 00:02
Աշխարհ

Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից

Գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել Բաքվի բանտից

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից ձեռագիր նամակ է ստացել։

Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքչյանին:

«Վիգեն Էուլջեքչյանի լռության, անորոշության և հոգեբանական դժվարություններով լի երկար ժամանակահատվածից հետո այս նամակը ստանալը խոր զգացմունքային և նշանակալի պահ է ընտանիքի համար», – ասվում է «X» ցանցում տարածված կազմակերպության հայտարարության մեջ:

Ինչպես նշում է SOAR-ը, Էուլջեքչյանի ցանկացած հաղորդագրություն մեծ նշանակություն ունի, քանի որ այն հաստատում է, որ նա ողջ է:

«Այս նամակագրությունն ավելին է, քան պարզապես անձնական հաղորդագրությունների փոխանակումը։ Այն իրենից ներկայացնում է մարդասիրական օգնություն և հաստատում է բանտարկյալների՝ իրենց ընտանիքների հետ կապ պահպանելու հիմնարար իրավունքը», – ասված է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունը երախտագիտություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նամակի փոխանցման գործում ունեցած կարևոր դերի համար:

Թեև նամակի ստացումը որոշակի հույս է ներշնչում, այնուամենայնիվ, պահպանվում են մարդասիրական լուրջ մտահոգությունները՝ կապված Էուլջեքչյանին երկարատև կալանքի տակ պահելու հետ: Էուլջեքչյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար SOAR-ը վերահաստատում է մշտական միջազգային մոնիթորինգի, թափանցիկության և մարդասիրական հասանելիության կարևորությունը:

Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։