կարևոր
433 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-02 21:14
Քաղաքական

Փաշինյանի հայտարարությունը դավաճանական էր. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի հայտարարությունը դավաճանական էր. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի այն հայտարարությանը, թե ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլև Հայաստանի Հանրապետությունը:

«Ուրեմն, Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ, հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլ նաև Հայաստանը, և Հայաստանը այլևս մերն է, բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում։ Ուրեմն, լսե՛ք, մինչև ձեր իշխանության ղեկին հայտնվելը ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաև՝ Արցախը։ Եվ ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունն այսօր գտնվում է վտանգի տակ։

Փաշինյանի բոլոր նմանատիպ հայտարարությունները գալիս են մեկ անգամ ևս փաստելու, որ Արցախյան պատերազմի արդյունքը ոչ թե անկարողության, պակաս սպառազինության, ձախողված կառավարման արդյունք էր, այլ գիտակցված դավաճանական քայլ, և այդ քայլի արդյունքում մենք ունեցել ենք 5000 զոհ, 150․000 մարդ մնացել է անտուն, և այդ ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ դո՛ւ ես Նիկոլ Փաշինյան, հետևաբար, բոլոր փորձերն արդարանալու, մարդկանց կրկին խաբելու, վերարտադրվելու չի ստացվելու։

Ու երբ որ հայտարարում ես՝ «ես երբևէ զիջումներ չեմ արել», դո՛ւ արել ես այդ զիջումները և այդ զիջումների արդյունքում այսօր նաև Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Սա՛ է իրականությունը և այս ամեն ինչի համար դուք պետք է պատասխան տաք»,-ասաց Իշխան Սաղթելյանը։