կարևոր
976 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-22 09:30
Իրավական

Որոշում՝ կալանավորված «Ֆիզկուլտինստիտուտի» ամբիոնի վարիչի մասով. ArmLur.am

Որոշում՝ կալանավորված «Ֆիզկուլտինստիտուտի» ամբիոնի վարիչի մասով. ArmLur.am

ArmLur.am‐ը գրում է. ««Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտի ամբիոնի կալանավորված վարիչի խափանման միջոցը փոխվել է, եւ դատարանի որոշմամբ նա կալանավայրից դուրս է եկել ու կալանքը կկրի տանը։ Ասել է թե՝ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ու չի բացառվում՝ առաջիկայում քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարվի։

ArmLur.am-ը հայտնել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի կալանավորված ամբիոնի վարիչի տանը խուզարկություն է իրականացվել, և իրավապահները առգրավել են խմիչքներ։

«Մասնավորապես, կոնյակը իրավապահները կարևոր են համարել քրեական վարույթի շրջանակում։ Իսկ թե կոնյակը ում կողմից կամ ինչի դիմաց է տրվել՝ առայժմ պարզ չէ։ Ամբիոնի վարիչի հետ կալանավորվածներից մեկը բուհի նախկին ուսանող է։

Ավելին՝ կալանավորված ամբիոնի վարիչի հարազատները ահազանգում են, որ նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, սակայն իրավապահ համակարգում միջնորդությունները չեն ընդունվել, գործընթացը շարունակվում է։
Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի գործով կալանավորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչներից մեկին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է՝ կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»»: