կարևոր
505 դիտում, 46 րոպե առաջ - 2025-12-10 11:21
Հասարակություն

Ավինյանի որոշմամբ լուծարվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսորի հաստիքը

Ավինյանի որոշմամբ լուծարվել է Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսորի հաստիքը

Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ լուծարվել է ռեժիսորի հաստիքը և իր ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ (ցածրիկ էշելոններում խլվլացող, բայց փոխարենը՝ «բարձր թատերական գիտելիքների ու ճաշակի տեր» չինովնիկների հուշումով) Պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը, համաձայն որի, իմ ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։

Անհերքելի պատմություն և անջնջելի փաստեր են իմ հեղինակած մի շարք ներկայացումները՝ իրականացված ինչպես Երևանի ՊՀԹ-ում, այնպես էլ մայրաքաղաքի, հանրապետության ու սփյուռքի մի շարք այլ թատրոններում (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն, Մետրո թատրոն, Հալեպի հայկական թատրոն, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն, Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. դրամատիկական թատրոն), նաև թատերականացված միջոցառումներն ու անտրեպրիզային ներկայացումները։

Անդրադառնամ ընդամենը իմ մի քանի աշխատանքների, որտեղ ազգային թատերական որոնումների ծնունդ են` 17 տարի հանդիսատեսին ուղեկցող Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Երևանի 2800-ամյակին նվիրված Էմմա Րաֆֆիի (Մարիամ Մանուկյան) «Իուարշայի սուրը», 2017 թ. Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում բեմադրած «Արծվաբույն» հերոսապատումը (պիեսի հեղինակ՝ Հրաչ Բեգլարյան), համաշխարհային դասական դրամատուրգիայի հանրահայտ ստեղծագործություններից մեկի` Թ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի յուրովի մոտեցմամբ արված բեմադրությունը և մի շարք այլ ներկայացումներ։

Վերոնշյալ ներկայացումները տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր դպրոցականների և երիտասարդների»,- գրել է նա։