կարևոր
613 դիտում, 50 րոպե առաջ - 2025-12-05 15:45
Հասարակություն

Արդյոք ճշմարտություն ասողը պետք է լռի, միայն նրա համար, որ ճշմարտությունը խանգարում է իշխանությանը․ Հայր Հովհաննես

Արդյոք ճշմարտություն ասողը պետք է լռի, միայն նրա համար, որ ճշմարտությունը խանգարում է իշխանությանը․ Հայր Հովհաննես

Հայր Հովհաննես Թորգոմյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Մեր օրերում հաճախ կարելի է լսել, թե ինչպես որոշ շրջանակներ, նույնիսկ բարձրաստիճան հոգևորականներ, քննադատում են եկեղեցուն կամ Ամենայն Հայոց Հայրապետին այն բանի համար, որ վերջինս համարձակվում է խոսել իշխանության, անարդարության կամ ազգային-հասարակական ցավոտ թեմաների շուրջ։ Նրանց հիմնական փաստարկն այս է․ «Եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը»։ Սակայն, եթե նույն տրամաբանությունը կիրառենք պատմության հանդեպ, ապա պետք է հարց տանք՝ արդյոք Քրիստոս ինքը զերծ մնաց աշխարհիկ իրականությանն ուղղված խոսքից։

Պատասխանը պարզ է՝ Ոչ։

Քրիստոսը չգործեց որպես սովորական «հոգևոր դասախոս», որը միայն երկնային թեմաների շուրջ էր մտորում։ Նրա խոսքը դիպչում էր ամենացավոտ, ամենավտանգավոր և ամենաանհանդուրժելի թեմաներին։ Նա բացահայտորեն մերկացնում էր փարիսեցիների կեղծավորությունը, դատապարտում էր իշխանության և կրոնի բարոյական խեղումը, մտնում էր տաճար և շրջում սեղանները, երբ տեսնում էր, որ Աստծո տունը վերածվել է շուկայի։ Եթե այսօր որևէ հոգևոր առաջնորդ իրեն թույլ տար անել նույնը, շատերը նրան կհամարեին «քաղաքական», «հակապետական» կամ «ապակառուցողական»։

Բայց արդյոք ճշմարտություն ասողը պետք է լռի, միայն նրա համար, որ ճշմարտությունը խանգարում է իշխանությանը։
Հետաքրքիր է նաև մեկ այլ հարց ևս. եթե ժամանակին Քրիստոսի աշակերտներն ընդունեին այսօրվա որոշ հոգևորականների մտածելակերպը, ապա նրանք կարող էին ասել. «Տե՛ր, մի՛ խոսիր իշխանությունների դեմ, սա քաղաքական է, սա վտանգավոր է, սա քո գործը չէ»։ Եվ եթե Քրիստոսն այդ խոսքերը լսեր, ապա երբեք չէր լինի խաչելություն, երբեք չէր լինի հարություն և փրկչագործական ծրագիրը չգիտենք ինչ կլիներ։

Ճշմարտությունը միշտ էլ վտանգավոր է իշխանությունների համար։ Իսկ լռությունը միշտ էլ հարմար է նրանց:

Եվ վերջում չմոռանանք ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ խոսքը. «ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ»!»։