կարևոր
1657 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-29 13:32
Հասարակություն

Սրբազան Հայր, այսօր նեղության և անձկության մեջ եք միայն նրա համար, որ ճշմարտության առաջամարտիկ եք. Տեր Վարազդատ քահանա Նաջարյան

Սրբազան Հայր, այսօր նեղության և անձկության մեջ եք միայն նրա համար, որ ճշմարտության առաջամարտիկ եք. Տեր Վարազդատ քահանա Նաջարյան

Միքայել Սրբազանն այն բացառիկ Առաջնորդ հոգևորականներից է, որը գյուղից գյուղ, Եկեղեցուց Եկեղեցի, համայնքից համայնք ժողովրդի մեջ է մտել և իր հայրական թևերի տակ առել իր ժողովրդին, այսպես է Շիրակի թեմի առաջնրոդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին նկարագրել Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։

Տեր Վարազդատը Միքայել Սրբազանի մասին հետաքրքիր պատմությունով է կիսվել։

«Միքայել Սրբազանին, որպես ուսուցիչ և օրինակ միշտ եմ ունեցել, ճեմարանական ուսանողության տարիներին ինձ միշտ գրավել է Սրբազան Հոր խարիզման, աներևակայելի և գեղեցիկ հումորի զգացողությունը, առհասարակ իր անձն ամբողջությամբ հետաքրքրել է ինձ, բայց ի մոտո շփման շատ առիթներ չեմ ունեցել (հաշվի առնելով նաև տարիքային տարբերությունը): Բայց փառք Տիրոջը այն օրվա համար, որ առիթ ընձեռնվեց գրեթե մեկ ամբողջական օր վայելելու մտքի և իմացության գիգանտին (բառի բուն և լայն իմաստով), ազգասեր, մարդասեր, հայրենասեր, Եկեղեցասեր, Աստվածասեր և անչափելի պարկեշտ Հոգևոր Առաջնորդին, ընկերասիրության մեջ աներևակայելի հավատարիմ տեսակին:

Սրբազանը երեկոյան հրավիրեց մեզ ընթրիքի, յընթացս իմացանք, որ միայն մենք չենք լինելու այնտեղ: Եկավ սպասված ընթրիքի ժամը և մենք սպասված տեղում էինք: Պարզվեց, որ այնտեղ էին իր դասընկերները, որոնց հետ կորոնավիրուսի պատճառով մեկ տարուց ավելի առիթ չէր եղել շփվել և համախմբվել տոնական սեղանի շուրջ: Ամբողջ երեկոյի ընթացքում ես հիացմունքով նայում էի, թե Առաջնորդ Հայրը, ոնց է շփվում իր ընկերների հետ, ինչ հիշողություններով են կիսվում իրար հետ, ինչպիսի հարգանք ու սեր կա մեկը մյուսի հանդեպ, ինչպիսի հումորներ են անում և երգեր երգում (հիշելով իրենց պատանեկությունը): Հերթը հասավ մեզ ներկայացնելուն և իրեն հատուկ հումորով ասաց ընկերներին` գյումրեցու բարբառով. «Դուք չբադգերացնեք, թե պատահագան մարդիք են այսդեղ նսդաձ», և շատ պատկառանքով մեր զինվորական ծառայության նկատմամբ, հիացմունքով ներկայացնում էր, թե մեզանից ով ի՞նչպես է դրսևորել իրեն ծառայության ընթացքում: Ես պարզապես չէի ուզում այդ երեկոն ունենար ավարտ, անդադար կարելի էր լսել Միքայել Սրբազանին, անդադար վայելել Իր մեծատառով ՄԱՐԴ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ տեսակը: Այն բացառիկ Առաջնորդ հոգևորականներից է Սրբազանը, որը գյուղից գյուղ, Եկեղեցուց Եկեղեցի, համայնքից համայնք ժողովրդի մեջ է մտել և Իր հայրական թևերի տակ առել իր ժողովրդին:

Սրբազա´ն Հայր, Փա՜ռք Տիրոջը, որ Աստված տվել է մեզ ՁԵԶ, փա՜ռք Տիրոջը ՁԵՐ օրինակելի հոգևորական տեսակի համար, Փա՜ռք Տիրոջը այն երջանիկ մեկ օրվա համար, որը լիարժեք կերպով բավարար էր ինձ` Ձեզ սիրելու և Ձեզ համար հարամնա աղոթելու համար: Մեր Տերն ասում է «Երանի նրանց ովքեր Իմ անվան համար կհալածվեն» (Մատթեոս 5:10-12): Դուք այսօր նեղության և անձկության մեջ եք միայն նրա համար, որովհետև ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ եք: Եվ ես խոսք եմ տալիս, որ Աստծու ամեն օր կաղոթեմ այն բաղձալի և սպասված օրվա համար, որ Դուք դարձյալ մեզ հետ կլինեք ֆիզիկապես և մենք կվայելենք մեր սիրելի ՈւՍՈւՑՉԻ ՀԱՄՆ Ու ՀՈՏԸ:

ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՕԳՆԱԿԱՆ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐ»,- նշել է Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։