կարևոր
172 դիտում, 38 րոպե առաջ - 2025-12-03 16:42
Աշխարհ

Եմենի հարավի անջատողականները զավթել են իշխանության մարմինները երկրի արևելքում

Եմենի հարավի անջատողականները զավթել են իշխանության մարմինները երկրի արևելքում

Հարավային Եմենի անցումային խորհրդի ուժերը, որոնք հանդես են գալիս հօգուտ անջատման, բանակային ստորաբաժանումների հետ բախումից հետո դեկտեմբերի 3-ին գրավել են նախագահական պալատը Սեյյուն քաղաքում։ Այսպիսով, ռազմական դիմակայությունն ընդգրկել է Եմենի արևելքում գտնվող նավթով հարուստ Հադրամաութի նահանգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղական պաշտոնյաներից մեկը։

«Հարավային Եմենի անցումային խորհրդի ուժերը վերահսկում են նախագահական պալատը Սեյյուն քաղաքում, ինչպես նաև մոտենում են Եմենի բանակի առաջին ռազմական շրջանի հրամանատարական շտաբին», - պարզաբանել է աղբյուրը։

Դեկտեմբերի 2-ին Հադրամաութի նահանգի իշխանության տեղական մարմնի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Եմենի հարավից ուղարկված անջատողականների օգնական ուժերը հետ են քաշվել Հադրամաութի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Սեյյունի ծայրամաս այն բանից հետո, երբ առաջին ռազմական շրջանի տանկերը նախազգուշական կրակոցներ են արձակել: Շրջանի տարածքում նաև տեղակայված են Սաուդյան Արաբիայի զինվորականներ՝ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող կոալիցիայից։ 

Մինչև վերջերս Եմենի արևելքը մնում էր երկրի ամենահանգիստ մասը և չէր մասնակցում հյուսիսում իշխանությունը զավթած հութիների ու միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմում կանգնած ուժերի միջև ավելի քան մեկ տասնամյակ տևած ռազմական հակամարտությանը։