|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
2025 թ-ի փետրվարի 6-ին, Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելուց հետո (միջոցառումն անցկացվել է փակ ձեւաչափով) եւ, ըստ երեւույթին, աջակցություն ստանալով, Նիկոլ Փաշինյանը սկսում է Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակման հերթական փուլը։ Արդեն հունիսին ի հայտ է գալիս եկեղեցական գործերը կառավարելու համար որոշակի »համակարգող խորհուրդ» ստեղծելու նախաձեռնությունը, իսկ կրոնական մոտիվացված հռետորաբանությունը դառնում է հեռուն գնացող նպատակներով քաղաքական մանիպուլյացիաների տարր։ Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսների եւ քահանաների ձերբակալւթյունների խորապատկերին նոյեմբերի կեսերին Երեւանում պատրաստվում է անցկացնել աղոթքի արարողություն․ այսպես կոչված «հեղինակության մաքրող նախաճաշ»՝ ամերիկյան որոշ քրիստոնյաների եւ կրոնական առաջնորդների մասնակցությամբ։
Պետդեպարտամենտը «գործիքավորել է կրոնը արտաքին քաղաքականության նպատակներով» եւ «փաստացի աջակցում է հավատացյալներին հետապնդող կառավարոթյուններին», մինչդեռ Նիկոլ Փաշինյանը «փորձում է պառակտել եկեղեցին»՝ չհասկանալով «Առաքելական ավանդույթի էությունը», ասում է հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը. «...երկրի առաջնորդը ցանկանում է հեռացնել եւ նշանակել Կաթողիկոսին: Եվ դա այն է, ինչ տեղի է ունենում»: Նա չի հասկանում, թե ինչ է Առաքելական Եկեղեցին։ Առաքելական Եկեղեցի լինելու համար (Լսեք, թե ինչպես եմ ես՝ հրեա, պատմում ձեզ առաքելական եկեղեցիների մասին), անհրաժեշտ է, որ կապ լինի առաջին առաքյալների հետ, ինչը նշանակում է՝ ձեր ընտրությունը պետք է սրբագործվի եպիսկոպոսների, Եկեղեցու առաջնորդների կողմից, այլ ոչ թե այն քաղաքական գործչի կողմից, որը նա է: Դա ցնցող անտեղյակություն է սեփական կրոնի վերաբերյալ: Թվում է, թե դա նրա կրոնը չէ, ես նկատի ունեմ այն, որ նա չի հավատում դրան»:
«Թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանը վերահսկում էր փողոցը, խորհրդարանն ու մեդիատարածքը, բայց ոչ Էջմիածինը, միակ ինքնավար ինստիտուտը, որը պահպանել է պատմական եւ հոգեւոր անկախությունը: 2024 թ-ի գարնանը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դարձավ բազմահազարանոց ցույցերի ճանաչելի դեմքը, որոնց ընթացքում հոգեւորակնները վերջին տարիներին առաջին անգամ խոսեցին քաղաքացիական դիմադրության լեզվով: Իշխանությունների պատասխանը չուշացավ՝ հոգեւորականների դեմ քրեական գործերի եւ կաթողիկոսի դեմ հրապարակային հարձակումների տեսքով։ 2025 թ-ի աշնանը Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար մասնակցեց Հովհաննավանքի ժամերգությանը, որտեղ ծառայում էր կարգալույծ քահանան՝ փաստացի նշելով հայկական կրոնական կյանքի խորհրդանշական կենտրոնը հարթելու մտադրությունը։
Աղոթքի նախաճաշերը ոչ միայն կրոնական հանդիպումներ են, այլ 2010-ականներից հետո հետխորհրդային տարածքում ձեւավորված կայուն կրոնական-քաղաքական ենթակառուցվածքի մի մաս: Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Մերձբալթյան երկրներում նման հավաքները հարթակ դարձան քաղաքական գործիչների, միջազգային հիմնադրամների եւ «ավետարանական» կազմակեպությունների փոխգործակցության համար։ «Արժեքների եւ խաղաղության» մասին ապաքաղաքական երկխոսության քողի տակ կառուցվում էին ազդեցության ուղիներ, որոնց միջոցով առաջ էին մղվում հետխորհրդային երկրների ներքաղաքական կյանքի եւ նրանց արտաքին քաղաքական կողմնորոշման վրա ազդող որոշումները։
Առաջին պաշտոնական աղոթքի նախաճաշը տեղի է ունեցել 1953 թ-ին ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի օրոք։ Ձեւաչափը հորինել է երկու տասնամյակ առաջ Աբրահամ Վերեյդը՝ մեթոդիստական եկեղեցու քահանա Սիեթլից։ Նրա հիմնադրած Fellowship Foundation կազմակերպությունն իրեն գովազդում է որպես ներառական համայնք, որը պատրաստ է իր ընկերների շրջապատում տեսնել ցանկացած դավանանքի, ազգության եւ պետության ներկայացուցիչների։ Ընդ որում՝ ընկերությունը հրապարակայնորեն չի բացահայտում մանրամասները, թե ինչպես է կազմվում եւ հաստատվում հրավիրվածների ցուցակը։ Այնուամենայնիվ, ցուցադրական բարության հետեւում թաքնված են կանոնավոր սկանդալներ լոբբիստական եւ արտաքին ազդեցության թեմայով: 2023 թ-ին Կոնգրեսը առանձնացրեց պաշտոնական նախաճաշը Fellowship-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումից, բայց ցանցն ինքնին չվերացավ: Նրա համակարգող Դագ Բերլին նախկինի պես շրջում է աշխարհով մեկ՝ չմոռանալով հետխորհրդային տարածքը։ Ուկրաինայում կասկածելի կառույցը գործել է խորհրդարանի միջոցով, Մոլդովայում՝ միջկուսակցական խմբերի միջոցով, Վրաստանում՝ օտարերկրյա հիմնադրամների մասնակցությամբ։ Վերջին տարիներին Բեռլինը բազմիցս այցելել է նաեւ Հայաստան։
Այսպիսով, հայաստանյան գործող իշխանության ներգրավումը Fellowship Foundation միջազգային ցանցերում պետք է դիտարկել ոչ թե որպես լոկալ նախաձեռնություն, այլ կրոնա-քաղաքական կոմբինացիաների ավելի լայն համատեքստում, որտեղ «սրբազան» հռետորաբանությունն օգտագործվում է որպես իշխանության լեգիտիմացման եւ հետագա արտաքին քաղաքական կուրսի փոփոխության ռեսուրս։
Էջմիածին. Վերջի՞ն կռիվը
Կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ հակամարտությունը դուրս է գալիս ինստիտուցիոնալ դիմակայության շրջանակներից։ 2025 թ-ի գարնանը Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշա-Զադեն Բաքվի քարոզչությանը բնորոշ անզիջում ոճով հայտարարեց՝ նախկինում իսլամի հոգեւոր կենտրոնները գտնվել են Երեւանում եւ Էջմիածնում, եւ որ դրանց վերականգնումը միայն ժամանակի հարց է։ Վաղարշապատը կոշտ պատասխան տվեց՝ Բաքվին մեղադրելով քրիստոնեական ժառանգությունը ադրբեջանացնելու փորձի մեջ։
Նիկոլ Փաշինյանի համար Հայ Առաքելական եկեղեցին մնում է պատմական հիշողության միակ կրողը, պաշտոնական քաղաքականությունից վաղուց եւ գրեթե ամբողջությամբ բացառված պատմվածքների ուղեցույցը, ինչպիսիք են Ցեղասպանությունը, Ղարաբաղի կորուստը, ազգային ինքնությունն ու հոգեւոր ազատությունը։ Այս համատեքստում Էջմիածնի դեմ պայքարը դառնում է ոչ միայն գաղափարական, այլեւ լիովին էքզիստենցիալ նախագիծ՝ հայկական ավանդական ինքնագիտակցությունը սկզբունքորեն այլ կոորդինատային համակարգով փոխարինելու փորձ։
Այսպիսով, այն, ինչ տեղի է ունենում, չի կարող վերագրվել որպես եկեղեցական-պետական հակամարտության հաջորդ փուլ: Խոսքը հայ հասարակության հոգեւոր հյուսվածքը «վերակենդանացնելու» փորձի մասին է։ Աղոթքի նախաճաշերը դառնում են ոչ թե երկխոսության, այլ վերափոխման խորհրդանիշ, որում սրբականը փոխարինվում է քաղաքականով, իսկ հավատը վերածվում է կառավարման տեխնոլոգիայի: Զանգվածային հասարակական գիտակցության վրա դրա ազդեցության արդյունավետությունը ցույց կտան արդեն առաջիկա ամիսները։
Տիգրան Բաղրամյան
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի