կարևոր
877 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-09 11:51
Հասարակություն

Երասխում կայացել է 5 տարի առաջ Հայաստանի երկնքում խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակի արարողությունը

Երասխում կայացել է 5 տարի առաջ Հայաստանի երկնքում խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակի արարողությունը

Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղի «Հիշատակի բլուր» հուշահամալիրում տեղի է ունեցել հիշատակի հինգերորդ տարելիցի արարողությունը, որի ընթացքում «ՄԻՐ» հումանիտար հիմնադրամի ներկայացուցիչները և ռուսաստանյան զինվորականները հարգել են մայոր Յուրի Իշչուկի և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինայի հիշատակը՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով նրանց կիսանդրիների մոտ։ Այս մասին հայտնում է «ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Պատմական հիշողության կորուստը նոր ողբերգությունների է հանգեցնում։ Այսօր մենք հարգում ենք մեր զոհված ընկերների՝ իսկական մասնագետների հիշատակը, ում կյանքն անքակտելիորեն կապված էր երկնքի հետ։ Նրանք ոչ միայն օդաչուներ էին, այլև հերոսներ, ում քաջությունն ու գործին նվիրվածությունը թույլ տվեցին փրկել կյանքեր և ապահովել թռիչքների անվտանգությունը։ Նրանց արիությունն ու հերոսությունը հավերժ կմնան մեր սրտերում։ Մենք նրանց կհիշենք ոչ թե որպես զոհվածների, այլ որպես նրանց, ովքեր հավերժ մնացին երկնքում։ Բայց մենք ոչինչ չենք մոռանա՝ ոչ Սիրիայում խոցված մեր ինքնաթիռը, ոչ Թուրքիայում սպանված մեր դեսպանին։ Եվ ուղղաթիռում զոհված սպաների համար մենք նույնպես չենք ների»,- ասել է «ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ին ղարաբաղյան հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի վերջին օրը Երասխ գյուղում Ադրբեջանի զինված ուժերի հրթիռային համալիրից խոցված ռուսաստանյան Մի-24 մարտական ուղղաթիռի անձնակազմի անունները հավերժ գրանցվել են Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիացիոն բազայի պատմության մեջ։

Մարտերը Լեռնային Ղարաբաղում սկսվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, մոտավորապես ժամը 17:30-ին (Մոսկվայի ժամանակով), Հայաստանի Հանրապետության տարածքով 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի ավտոշարասյան ուղեկցության ժամանակ, Հայաստանի Երասխ բնակավայրի մոտ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտակայքում, խոցվեց ռուսաստանյան ուղղաթիռը։

Մի-24-ը գետնից կրակահերթի է ենթարկվել շարժական զենիթահրթիռային համալիրից։ Հրթիռի հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքի լեռնային հատվածում։ Անձնակազմի երկու անդամ զոհվել են, մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է բազավորման օդանավակայան։ Նույն օրվա երեկոյան՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մի-24-ը պատահաբար է խոցվել ադրբեջանյան զինվորականների կողմից Հայաստանի տարածքում։ «Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսաստանյան կողմից այս ողբերգական միջադեպի առիթով, որը պատահական բնույթ է կրում և ուղղված չի եղել ռուսաստանյան կողմի դեմ»,- նշել են արտաքին գործերի նախարարությունում։ Ադրբեջանական կողմը հայտարարել է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին։