կարևոր
1864 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-06 15:32
Քաղաքական

Արցախցիների բնակարանային ծրագիրը լիովին տապալված է․ այն չի ծառայում իրական նպատակին․ «Մեր ձևով» շարժման անդամ

Արցախցիների բնակարանային ծրագիրը լիովին տապալված է․ այն չի ծառայում իրական նպատակին․ «Մեր ձևով» շարժման անդամ

 «Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի մեգապրոյեկտի հետքերով

Օրեր առաջ ՀՀ սոցապ նախարար Արսեն Թորոսյանը խոսել է մի մեգապրոյեկտի մասին` արցախցիներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։

Նա նշել է, որ ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամ, և այդ ծրագիրը ընթանում է բարեհաջող: Հիմա եկեք հասկանանք, թե ինչքանով է այն բարեհաջող:

1․Նախ, ծրագիրը իրականացվելէ 0 ներառականության հիմունքով: Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ պնդում են,որ հանդիպումներ են ունենում արցախյան կողմի հետ, բայց թե ովքեր են նրանք՝ ոչ ոք չգիտի: Իսկ արցախյան ինստիտուտների ներկայացուցիչների հետ հազվադեպ հանդիպումները կրում էին բացարձակապես ձևական բնույթ, և մեր առաջարկությունների գերակշիռ մասը մերժվում էր:

Բացի այդ, կառավարության այդ որոշումն ընդունվել է օրենքի պահանջի ակնհայտ խախտմամբ, նախագիծը չի տեղադրվել իդրաֆթում, հանրային քննարկումներ տեղի չեն ունեցել, ինչը հնարավորություն կտար արցախցիներին գոնե այդ ձևաչափով իրենց ձայնը լսելի դարձնելու:

2․Այս ծրագրի պահանջներն այնպիսինն են, որ արցախցիները կարողանում են բնակարան ձեռբերել հիմնականում երկրորդական շուկայից, ինչը նպաստում է երկրորդական շուկայի բնակարնների գների արհեստական և կտրուկ աճին:

Փաստացի, այդ բնակարանների տերերը, վաճառելով իրենց բնակարանները, հակված են լինում տեղափոխվել Երևան՝ նպաստելով ուրբանիզացիայի մակարդակի բարձրացմանը: Իհարկե, կա ավելի վատ սցենարը ևս, երբ մարդիկ պարզապես որոշակի գումար ունենալով գրպանում, արտագաղթում են:

3․Անգամ Արսեն Թորոսյանի ներկայացրած թվերից ելնելով, կարող ենք եզրակացնել, որ ծրագիրը ԼԻՈՎԻՆ ՏԱՊԱԼՎԱԾ է: 30 000 ընտանիքներից մինչ օրս հավաստագիրն իրացրել է 1200 ընտանիք, այսինքն ընդամենը 4 %: Իսկ ծրագիրն արդեն գործում է 1.5 տարի:

Կարծում եմ պարզ է, որ եթե ծրագիրն իրապես ծառայեր արցախցիներին բնակարան ձեռբերելուն, այդպիսով Մայր Հայաստանում մնալուն, հավաստագիրն իրացրածների թիվը շատ ավելին կլիներ:

Որպես ամփոփում, այդ ծրագիրը, որի համար նախատեսվում են հսկայական գումարներ, որևէ ավելացված արժեք չի ստեղծում պետության տնտեսության համար և չի նպաստում Հայաստանում արցախցիների մնալուն:

Իսկ այ թե որոնք են իրական նպատակները, թողնում եմ յուրաքանչյուրիդ դատողությանը:

Հ.գ. ես իմը ունեմ»: