կարևոր
823 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 17:37
Հասարակություն

Մանկավարժականի ձերբակալությունների ոդիսականը, տիկին Ժաննան ու յուր տեղակալ Արաքսյան

Մանկավարժականի ձերբակալությունների ոդիսականը, տիկին Ժաննան ու յուր տեղակալ Արաքսյան

Ուրբաթ օրը հանրապետական մամուլը ցնցեց մի լուր՝ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը, դեկաններ, աշխատակիցներ: Ըստ այդ աղբյուրների` վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: 

Այս դեպքն առանձնանում է իր բացառիկությամբ: Առաջինը, սա աննախադեպ երևույթ է ՀՀ կրթության ոլորտում, երկրորդն էլ՝ ձերբակալվել են մի բուհի ղեկավարություն ու աշխատակիցներ, որը պատասխանատու է մեր երկրում սերունդների կրթության ու դաստիարակության հարցում: 

Այս թեմայում, սակայն, հանրությունն ու ԶԼՄ-ները բաց թողեցին մի կարևոր հանգամանք՝ համալսարանի բարձրագույն կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի դերակատարության մասին: Հոգաբարձուների խորհրդում ԿԳՄՍ նախարարության քվոտան օրենքով 25 տոկոս է, սակայն իրականում Ժաննա Անդրեասյանը խորհրդում ներկայացված է 9 հոգով կամ 45 տոկոսով: Վարչապետի կողմից ներկայացված 5 անդամներից 4-ը ԿԳՄՍ նախարարության և համակարգի աշխատողներ են: Նրանք են՝ Ժաննա Անդրեասյանը, իր տեղակալը՝ Արաքսյա Սվաջյանը (համակարգում է բարձրագույն կրթության ոլորտը), ԲԿԳ կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը և ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մարտիկյանը: 

Ի դեպ մանկավարժականի խորհրդի՝ ԿԳՄՍ նախարարության քվոտայով նշանակված անդամ Արմեն Ծատուրյանը վերջերս շատ պատահականությամբ դարձել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր: Մյուս անդամ Լիլիթ Մնացականյանն էլ հանդիսանում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը: Էլի պատահականությամբ Արաքսյա Սվաջյանը մինչև փոխնախարար նշանակվելը զբաղեցրել է այս կենտրոնի տնօրենի պաշտոնը: 

ՀՊՄՀ կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի ի թիվ այլ հարցերի իրավասությունն է համալսարանի գործունեության, այդ թվում`ֆինասատնտեսական գործունեության վերահսկողությունը: Օրենքով՝ բուհի գործունեության համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում է լիազորված մարմինը`ԿԳՄՍ նախարարությունը: 

Այս ամենից հետո, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, ԿԳՄՍ նախարարությունը` ի դեմս Ժաննա Անդրեասյանի, Արաքսյա Սվաջյանի, Լուսինե Գրիգորյանի, Վաղարշակ Մարտիկյանի ու նախարարության կողմից ներկայացված 5 անդամների, եթե չեն ստեղծել, մասնակցել կամ ղեկավարել հանցավոր կազմակերպությունը, ապա ցուցաբերել են անգործություն, որն էլ բերել է առկա իրավիճակին: 

Ի դեպ, մանկավարժական համալսարանում ցանկացած աշխատակից տեղյակ է Ժաննայի, Արաքսյայի, Սրբուհու ու այլ տիկնանց մտերմության մասին: 

Հ.գ. Եթե այս ամենը կատարվել է Ժաննայի ղեկավարած բուհում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչե՜ր են կատարվում Ժաննայի չղեկավարած բուհերում:

Վ․Ս․