կարևոր
961 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-15 09:26
Քաղաքական

Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել․ «Հրապարակ»

Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած իշխանությունը հետեւողականորեն առաջ է մղում այն քարոզչական թեզը, որ հայաստանյան ընդդիմությունը, մասնավորապես՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցվածները ռուսամետներ են, ու նրանց նպատակը Հայաստանը գուբերնիա՝ ծայրագավառ դարձնելն է, սակայն ռուսական իշխանությանը մերձ աղբյուրները հայտնում են, որ իրականում Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել ներհայաստանյան, ներքաղաքական գործընթացների նկատմամբ եւ այլեւս քաղաքական էմիսարներ չի գործուղում Հայաստան, իսկ Հայաստանից մեկնած եւ «դաբրո» ակնկալողներին էլ կուլտուրական մերժում են։

Թերեւս նաեւ սրանով էր պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում ԱՄՆ-ին ուղղված ռեւերանսները։ Հիշեցնենք, որ Քոչարյանն առաջարկում է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթուղթը ոչ թե չեղարկել, այլ ավելացնել Հայաստանի Հանրապետության համար շահեկան կետեր, փոխել բանակցությունների բնույթն ու փորձել շահած դուրս գալ այն հետաքրքրությունից, որը դրսեւորում է ԱՄՆ-ն՝ մեր տարածաշրջանում։

Գուցե հենց այս առաջարկը բարձրաձայնելն էր Քոչարյանի ասուլիսի գլխավոր նպատակը, որ հանրությանը մեսիջ փոխանցվի, թե իրենք ոչ միայն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակից են, այլեւ ԱՄՆ-ի հետ էլ կարող են կառուցողական հարաբերություններ կառուցել եւ չեն պատրաստվում իշխանություն գալով չեղարկել վաշինգտոնյան փաստաթղթերը։