կարևոր
718 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-17 18:45
Հասարակություն

Կոչ ենք անում հստակ դիրքորոշում արտահայտել, լռությունը ոչ թե չեզոքություն է, այլ վտանգավոր հանդուրժողականություն. հայտարարություն

Կոչ ենք անում հստակ դիրքորոշում արտահայտել, լռությունը ոչ թե չեզոքություն է, այլ վտանգավոր հանդուրժողականություն. հայտարարություն

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարություն է տարածել.

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպության կողմից 2026 թվականի հունիսի 16-ին հրապարակված ահազանգը, որը վերաբերում է Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցած խիստ մտահոգիչ միջադեպին,արժանի է ամենալուրջ գնահատականի և անհապաղ արձագանքի պետական բոլոր իրավասու մարմինների կողմից։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցութային աշխատանքների ցուցադրությունից հեռացրել է աշակերտներից մեկի հեղինակած նկարը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը՝ այն որակելով որպես «հակապետական քայլ»։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը խստագույնս դատապարտում է տեղի ունեցածը՝ այն գնահատելով որպես անընդունելի, իրավական, բարոյական և մանկավարժական տեսանկյունից դատապարտելի գործողություն, որն ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության պաշտպանության հիմնարար սկզբունքների, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ոգուն և տառին։

Երեխայի ստեղծագործական աշխատանքի հեռացումը բացառապես այն պատճառով, որ այն պատկերում էր հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, ոչ միայն խոսքի, ստեղծագործական ինքնարտահայտման և մշակութային ինքնության ազատության սահմանափակում է, այլև երեխաների հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման վերաբերմունքը դրսևորվել է հենց կրթական հաստատությունում, որը կոչված է ձևավորելու ազգային արժեհամակարգ, պատմական հիշողություն, ստեղծագործական ազատություն և սեփական մշակույթի նկատմամբ հարգանք։

Այս միջադեպը ունի նաև լուրջ հոգեբանական և կրթադաստիարակչական հետևանքներ։ Երբ երեխային փոխանցվում է այն վտանգավոր ուղերձը, թե սեփական ժողովրդի մշակութային խորհրդանիշը պատկերելը կարող է դիտվել որպես «հակապետական» արարք, ձևավորվում է վախի, ինքնագրաքննության և սեփական ինքնությունից հրաժարվելու մթնոլորտ։ Նման գործելակերպը խաթարում է երեխաների հոգեբանական անվտանգությունը, վնասում նրանց արժանապատվությունը, ճնշում ստեղծագործական մտածողությունը և վտանգավոր նախադեպ է ստեղծում կրթական համակարգի համար։

Հատկանշական է, որ այս միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է իրականացնել Արցախի ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության համակարգված ոչնչացման, յուրացման և պատմության կեղծման քաղաքականություն։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, անկախ փորձագետների և արբանյակային մշտադիտարկումների միջոցով բազմիցս արձանագրվել են հայկական եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների, խաչքարերի, պատմամշակութային համալիրների և հիշատակի վայրերի ոչնչացման կամ աղավաղման փաստեր։

Առանձնահատուկ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական տեղեկատվական և սոցիալական հարթակներում պարբերաբար տարածվում են հրապարակային կոչեր՝ ոչնչացնելու Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, որը վաղուց դարձել է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայ ժողովրդի մշակութային ինքնության և պատմական հիշողության ամենաճանաչված խորհրդանիշներից մեկը։ Այս պայմաններում Հայաստանի կրթական հաստատությունում նույն խորհրդանիշի նկատմամբ դրսևորված նման վերաբերմունքը, անկախ դրդապատճառներից, փաստացի համահունչ է դառնում այն քարոզչական մթնոլորտին, որը տարիներ շարունակ ձևավորվում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության արժեզրկման նպատակով։ Սա առավել վտանգավոր է, քանի որ նման երևույթները կարող են նպաստել հասարակության ներսում ազգային մշակութային արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ձևավորմանը։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը համոզված է, որ հայկական մշակութային ժառանգության որևէ խորհրդանիշ չի կարող և չպետք է ներկայացվի որպես «հակապետական»։ Ընդհակառակը, այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության, Արցախի և ամբողջ հայ ժողովրդի պատմական հիշողության, մշակութային շարունակականության և ինքնության անբաժանելի մասը։ Նման գնահատականները վտանգավոր նախադեպ են ստեղծում և կարող են խաթարել հասարակության ազգային համախմբվածությունը, հատկապես այն պայմաններում, երբ արտաքին ուժերը հետևողականորեն փորձում են ջնջել հայկական պատմամշակութային ներկայությունը Արցախում։

Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններից.

• իրականացնել միջադեպի համակողմանի, օբյեկտիվ և թափանցիկ քննություն,

• տալ տեղի ունեցածին հստակ իրավական և մասնագիտական գնահատական,

• պարզել պատասխանատու անձանց գործողությունների իրավաչափությունը և, անհրաժեշտության դեպքում, կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ,

• ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ վերացնելու երեխաների իրավունքների խախտման հետևանքները,

• մշակել և ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք ապագայում կբացառեն կրթական հաստատություններում մշակութային ինքնության, ազգային խորհրդանիշների և երեխաների ստեղծագործական ազատության նկատմամբ նմանատիպ խտրական կամ սահմանափակող վերաբերմունքը։

Միաժամանակ կոչ ենք անում կրթության, մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և մանկավարժական համայնքի բոլոր պատասխանատու կառույցներին հստակ դիրքորոշում արտահայտել այս անընդունելի դեպքի վերաբերյալ։ Լռությունը նման իրավիճակներում ոչ թե չեզոքություն է, այլ վտանգավոր հանդուրժողականություն, որը կարող է նպաստել ազգային մշակութային արժեքների արժեզրկմանը և երեխաների հիմնարար իրավունքների հետագա խախտումներին։

Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը քաղաքական շահարկումների կամ կամայական մեկնաբանությունների առարկա չէ։ Այն համազգային և համամարդկային արժեք է, որի նկատմամբ հարգանքը յուրաքանչյուր պետական և կրթական հաստատության իրավական, մասնագիտական և բարոյական պարտականությունն է»։