կարևոր
778 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-12 17:20
Աշխարհ

Նիկիտա Սիմոնյանը նշում է 99-ամյակը

Նիկիտա Սիմոնյանը նշում է 99-ամյակը

Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, ակումբի նախկին գլխավոր մարզիչ և ԽՍՀՄ ֆուտբոլի աստղ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը, ով ներկայումս Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահն է, հոկտեմբերի 12-ին նշում է իր 99-ամյակը։ Կյանքի այս նշանակալի տարեդարձի կապակցությամբ լեգենդար գործչին շնորհավորել են նրա երկու նախկին ակումբները՝ Մոսկվայի «Սպարտակը» և Երևանի «Արարատը»։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Մոսկվայի «Սպարտակը» շնորհավորել է «կարմիր-սպիտակների» ամենատարեց վետերանին, Վետերանների կոմիտեի պատվավոր նախագահին, մեծ սպարտակցուն և օլիմպիական չեմպիոնին։

«Մենք հիշում ենք այն հսկայական ներդրումը, որը Սիմոնյանը կատարել է մեր ակումբի պատմության մեջ որպես խաղացող և մարզիչ. ԽՍՀՄ վեց առաջնություններ, Համամիութենական հինգ գավաթ, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի կոչում և բազմաթիվ հրաշալի ֆուտբոլիստներ, ովքեր դաստիարակվել են «Սպարտակում», — ասված է ակումբի շնորհավորանքում։

Երևանի «Արարատը» նույնպես միացել է շնորհավորանքներին՝ առանձնահատուկ ընդգծելով Սիմոնյանի դերը ակումբի պատմության ամենապայծառ էջում։

«Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը։ Նա այն մարդն է, որի ղեկավարությամբ «Արարատը» նվաճեց խորհրդային ֆուտբոլի ամենաբարձր գագաթը՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Շնորհավորում ենք մեծ մարզիչին ու ֆուտբոլային լեգենդին՝ մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք և անսպառ եռանդ»։

Վլադիմիր Պուտինը շնորհում է «Աշխատանքի հերոսի» կոչումը

Տարեդարձի նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկիտա Սիմոնյանին շնորհել է «ՌԴ Աշխատանքի հերոսի» բարձրագույն կոչումը։ Պարգևատրումը տրվել է «պետությանը մատուցած հատուկ ծառայությունների, հայրենական ֆուտբոլի զարգացման և տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար»։

Պոնոմարյովը Սիմոնյանի մասին. «Մասշտաբով՝ Պելե»

ԽՍՀՄ հավաքականի նախկին պաշտպան Վլադիմիր Պոնոմարյովը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում Նիկիտա Սիմոնյանին անվանել է մեծագույն ֆուտբոլիստ և անհատականություն, որն ունի «Պելեի մասշտաբը»։

«Որպես ֆուտբոլիստ, որպես անձնավորություն՝ նա մեծագույնն է։ Պելեի մասշտաբի։ … Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի հետ ծանոթ եմ կյանքիս մեծ մասը, 1962 թվականից։ … Մեծ հաճույքով եմ լսում նրա պատմությունները։ Նա շատ սթափ մտքի տեր մարդ է։ Հաճախ շատ հետաքրքիր պատմություններ է պատմում ֆուտբոլիստների մասին։ Եթե այս ամենը գրառվի, կարելի է մի ամբողջ գիրք հրատարակել։ Նրա հիշողությունը պարզապես ցնցող է, բացարձակապես իդեալական։ Ես գոհ եմ, որ Սիմոնյանին տվել են Աշխատանքի հերոսի կոչումը։ Կարծում եմ, վաղուց էր պետք դա անել, թերևս, երբ նա դեռ 60 տարեկան էր»,- ասել է Պոնոմարյովը։

Նիկիտա Սիմոնյանը հանդես է եկել Մոսկվայի «Կռիլյա Սովետովի» և «Սպարտակի» կազմում։ Նա դարձել է «կարմիր-սպիտակների» պատմության լավագույն ռմբարկուն՝ դառնալով 160 գոլի հեղինակ, չորս անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում և երկու անգամ՝ ԽՍՀՄ գավաթը։ 1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Որպես գլխավոր մարզիչ՝ Սիմոնյանը գլխավորել է «Սպարտակը», Երևանի «Արարատը», Օդեսայի «Չեռնոմորեցը» և ԽՍՀՄ հավաքականը։ Նրա ղեկավարությամբ «Սպարտակը» երկու անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, ինչպես նաև երկրի չեմպիոն է դարձել «Արարատը» (1973)։ Գավաթի խաղարկությունում նա թիմերին բերել է հաղթանակի. երեք անգամ՝ «Սպարտակին» և մեկ անգամ՝ «Արարատին»։

Շնորհավորում ենք Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանին 99-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն, ոգու բոցավառություն և կյանքի երկար տարիներ։