Փոխարժեքներ
12 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.68 |
EUR | ⚊ | € 442.8 |
RUB | ⚊ | ₽ 4.7105 |
GBP | ⚊ | £ 507.66 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Օրեր առաջ «Կինոմոսկվա»-ում կայացավ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմի՝ «Mallորվածը»-ի պրեմիերան։ Հայ հանդիսատեսին վաղուց արդեն ծանոթ Կիրակոսյանը, որի աշխատանքներից են «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը» և «Սևազգեստ կանայք», այս անգամ անդրադարձել է հայկական կինոյում հազվադեպ հանդիպող՝ ամանորյա ժանրին։
Ֆիլմի գաղափարը ձևավորվել է դեռ 2018-ին, երբ դերասան և պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը նկատել է, որ հայկական կինոարտադրությունում բացակայում են տոնական՝ ընտանեկան ֆիլմերը։ Դանիելյանի խոսքով՝ հենց այդ բացն էլ հիմք է դարձել, որպեսզի ինքը և Գարիկ Սեփխանյանը սկսեն աշխատել նոր նախագծի վրա:
«Մենք ուսումնասիրեցինք շուկան և հասկացանք, որ նման ֆիլմի կարիք կա։ Մնում էր գտնել ճիշտ ռեժիսորին, և այդ հարցում ընտրությունը միանշանակ էր՝Գոռ Կիրակոսյանը»,-պատմում է Դանիելյանը։
2020-ի պատերազմի օրերին Գոռ Կիրակոսյանի և նախագծի հեղինակների միջև կայացած զրույցներից մեկում որոշվել է, որ զինադադարից հետո նրանք կսկսեն իրականացնել այս միտքը։ Սցենարի աշխատանքը մեկնարկել է 2022-ին, իսկ նկարահանումները տեղի են ունեցել այս տարվա հունվարին։
Ռեժիսոր Կիրակոսյանը նշում է, որ ձմռանը նկարահանումներ իրականացնելն իր համար նոր փորձ էր:
«Կես կատակ, կես լուրջ կարող եմ ասել՝ առաջին անգամ էր, որ ձմռանն էի նկարահանումներ իրականացնում, և դա իսկապես մարտահրավեր էր ինձ համար, քանի որ Կալիֆորնիայում եմ մեծացել», — պատմում է նա։
Ֆիլմում գլխավոր դերերում են Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Ռոզի Ավետիսովան, Լեո Մկրտչյանը և ուրիշներ։ Հատկապես տպավորել է փոքրիկ Լեոյի աշխատանքը, որն առաջին անգամ է նկարահանվել գեղարվեստական ֆիլմում։ Նրա ծնողները՝ երգիչ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, նկարահանումների ընթացքում Միացյալ Նահանգներում էին, սակայն տղան խոստովանել է, որ ամբողջ նկարահանող խումբը դարձել էր իր «երկրորդ ընտանիքը»։
Դերասանուհի Դիանա Մալենկոն, որը մարմնավորում է իր առաջին բացասական կերպարը, պատմել է, որ ռեժիսորի հետ մանրամասն աշխատել են կերպարի քայլվածքի, ձայնի և խոսքի վրա:
«Մենք փորձեցինք հերոսուհու ներքին պատմությունը արտահայտել արտաքին հնչերանգով։ Դա շատ հետաքրքիր փորձ էր», — ասում է նա։
Ֆիլմի գլխավոր դերակատարներից Ռաֆայել Երանոսյանը, անդրադառնալով «Տանը միայնակ» ֆիլմի հետ հաճախ հնչող համեմատություններին, նշել է․ «Մենք հեծանիվ չենք հայտնագործել, բայց մեր պատմությունը ամբողջովին նոր է։ Տոնական մթնոլորտը կա, բայց սցենարը հայկական իրականությանն է հարմարեցված»։
Կիրակոսյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծման ընթացքում ուսումնասիրվել է ամանորյա ժանրի հաջողված «ֆորմուլան», սակայն սցենարը ստեղծվել է միանգամայն նոր, յուրահատուկ լուծումներով։ Նկարահանումներն անցկացվել են մի քանի քաղաքներում՝ Թբիլիսի, Ստեփանավան, Կապան և Երևան։ Ֆիլմում օգտագործվել է նաև Գարիկ և Սոնա Ռուբենյանի «Էն ում Ամանորն է» երգը, իսկ կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը։
Հարցին՝ արդյոք հնարավոր է ֆիլմի հաջորդ՝ երրորդ մասի նկարահանումը, ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը պատասխանել է, որ դա կախված կլինի հանդիսատեսի արձագանքից և ֆիլմի հաջողությունից։ Պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանն էլ ընդգծեց, որ սովորաբար երրորդ մասերը հաճախ չեն հաջողվում, և եթե չլինի նոր, հետաքրքրական և սցենարային տեսանկյունից ուժեղ գաղափար, հաջորդ ֆիլմը չի ստեղծվի:
«Մենք չենք ցանկանում շարունակել պարզապես նախորդների հաջողության վրա հույս դնելով։ Եթե չլինի բավականին նոր, լավ և ստեղծագործական գաղափար, երրորդ ֆիլմը չի նկարվի։ Հաջողությունը կարևոր է, բայց գաղափարը պետք է լինի գրավիչ ու յուրօրինակ։ Արդեն կան նախնական քննարկումներ հաջորդ մասի շուրջ, սակայն այն հնարավոր կլինի իրականացնել միայն տարիներ անց», — հավելեց Դանիելյանը։
Ֆիլմի պրեմիերան ոչ միայն տոնական, այլև հույս ներշնչող իրադարձություն դարձավ՝ ընդգծելով, որ հայկական կինոն կարող է ստեղծել որակյալ, ընտանեկան պատմություններ։ Ինչպես նշեց դերասան Ներսես Ավետիսյանը. «Համոզված եմ, որ առաջիկա տարիներին «Mallորվածը» կդառնա այն ֆիլմերից մեկը, որը ամեն Ամանորին ընտանիքներով կցանկանան դիտել»։