կարևոր
793 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 13:10
Հասարակություն

Սլովակիան Ուկրաինային կփոխանցի Ֆիցոյի օրոք օգնության առաջին փաթեթը

Սլովակիան Ուկրաինային կփոխանցի Ֆիցոյի օրոք օգնության առաջին փաթեթը

Սլովակիան Ուկրաինային հատկացրել է ռազմական օգնության առաջին փաթեթը Ռոբերտ Ֆիցոյի՝ 2023 թ. հոկտեմբերին երկրի վարչապետի պաշտոնին վերադառնալուց ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալն իր Telegram ալիքում:

Նրա խոսքով՝ Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ ստորագրված համաձայնագրով Ուկրաինան երկրից անվճար կստանա «ոչ մահացու նշանակության» տարբեր սարքավորումներ: Մասնավորապես, կմատակարարվի հինգ Bozena մեքենա ականազերծման համար, ինժեներական և շինարարական տեխնիկա, ինչպես նաև միջոցներ բժշկական տարհանման համար:

Շմիհալը նշել է, որ Սլովակիան արդեն սկսել է աշխատել Ուկրաինային աջակցության նոր, տասնհինգերորդ փաթեթի վրա։ Նա հավելել է, որ կողմերը նաև քննարկել են ուկրաինական և սլովակյան ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները: Կալինյակը, մեկնաբանելով համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է, որ այժմ Կիևում պլանավորում է Շմիհալի հետ քննարկել «մեր արդեն իսկ բավականին ծավալուն պաշտպանական համագործակցության» ընդլայնումը: 

2022 թ. փետրվարի 24-ին լայնածավալ պատերազմի սկսվելուց մինչև 2023 թ. հոկտեմբերին Ֆիցոյի վերադարձը Սլովակիայի վարչապետի պաշտոնին, երկիրն Ուկրաինային տրամադրել է 671 մլն եվրո ընդհանուր գումարի ռազմական օգնության 13 փաթեթ։

2023 թ. նոյեմբերին Ֆիցոյի ձևավորած կառավարությունը չեղարկել է 40 միլիոն եվրո արժողությամբ 14-րդ փաթեթը։ Այն ներառում էր, մասնավորապես, 140 հրթիռ՝ «Կուբ» զենիթահրթիռային համակարգերի համար, ավելի քան 5000 միավոր ռազմամթերք հրանոթների համար և չորս միլիոն փամփուշտ հրաձգային զենքի համար։ Ուկրաինային օգնության դադարեցումը Ֆիցոյի նախընտրական խոստումներից մեկն էր։