կարևոր
904 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 21:16
Հասարակություն

«Հրե օղակի կենտրոնում»․ Ֆիլմ՝ պետականորեն կոծկվող պատմական ճշմարտության մասին

«Հրե օղակի կենտրոնում»․ Ֆիլմ՝ պետականորեն կոծկվող պատմական ճշմարտության մասին

Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա «ՀՐԵ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։ «ՀՐԵ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմն ամբողջապես կառուցված է արխիվային փաստագրական նյութերի և պատմագիտական աշխատանքերի հիման վրա։ Ներկայացվում է Զորավար Անդրանիկի 1918-1919 թվականների ոդիսականը։ Ֆիլմի հեղինակը  և բեմադրողը  Դավիթ Ստեփանյանն է, որը մասնագիտությամբ ճարտարապետ է։

«Առաջին ֆիլմը՝ «ԱՆԴՐԱՆԻԿԸ ԵՎ ՀՀ ԾՆՈՒՆԴԸ», նկարահանելու միտքը ծնվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ առաջին անգամ Ճարտարապետների պալատի դահլիճում մարտական ընկերներիս ներկայացրեցի ֆիլմի դիպաշարը։ 1918 թ․-ի մայիսյան կռիվներից հետո և 44-օրյայից հետո իրավիճակը, կարծեք, 100 տարին մեկ կրկնվող պատմություն լիներ։ Նախորդ ֆիլմս ավարտեցի և ներկայացրեցի 2022 թ․-ին։ Իսկ այս մեկը՝ «ՀՐԵ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմն ավելի ծավալուն է։ Աշխատանքները տևել են 3 տարի և, ըստ էության, նախորդ ֆիլմի տրամաբանական շարունակությունն է՝ Անդրանիկը Պարսկաստանում, Նախիջևանում, Սյունիքում, Արցախում․․․»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Ֆիլմի հեղինակ  և բեմադրող  Դավիթ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծման նպատակը` պատմական ճշմարտության մասին խոսելն է։

«Նպատակս էր՝ ներկայացնել 100 տարուց ավելի պետականորեն կոծկվող պատմական ճշմարտությունն այն մասին, որ նվիրյալ հերոսների և նրանց կողքին կանգնող ժողովրդի պարագայում հնարավոր է եղել պահել ապիկար իշխանությունների կողմից թշնամուն թղթով հանձնած հայկական տարածքները։ Մեր ժամանակների համար ուղեձն է ՝ վառ պահել ազգային իղձերի համար պայքարի ոգին, կամքն ու չհանձնվելու վճռականությունը»,- ասաց նա։

Ֆիլմի հոլովակն ՝ այստեղ։