Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սա վերջին դրվագն է`«Կովերի պարտեզը» իսրայելցի ներդրողին վարձակալության տալու շուրջ ծագած վեճում, որը կազմում է Երուսաղեմի պատրիարքարանի Հայկական թաղամասի գրեթե 25 տոկոսը։
2021 թվականին Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պայմանագիր է կնքել իսրայելցի գործարարի հետ՝ 98 տարով վարձակալության հանձնելու պատրիարքարանի 11500 քառակուսի մետր տարածքը՝ շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։
Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ո՛չ ես, ո՛չ էլ հայ հասարակությունը չենք կարողացել տեսնել պայմանագրի պատճենը: Չենք տեսել նաև Պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից վարձակալության վավերականությունը վիճարկող երկու դատական հայցերի պատճենները: Ավելին, հայ համայնքի փաստաբանները պատրաստել են 184 էջանոց փաստահավաք զեկույց, որը նույնպես գաղտնի է պահվել: Չունենք նաև իսրայելցի ներդրողի կողմից տեղի հայ համայնքի դեմ ներկայացված հակընդդեմ հայցի պատճենը:
Կարևոր է իմանալ պայմանագրի պայմանները: Ի՞նչ էր կոնկրետ պատրիարքը համաձայնվել փոխանցել իսրայելցի ներդրողին: Ի՞նչ փոխհատուցում էր խոստացել իսրայելցի ներդրողը պատրիարքարանին վարձակալության դիմաց: Արդյոք պայմանագիրը թո՞ւյլ էր տալիս միակողմանի չեղարկում, թե՞ դադարեցումը պահանջում էր երկուստեք համաձայնություն: Ի՞նչ խախտումների մեջ էին մեղադրվում իսրայելցի ներդրողը և Հայոց պատրիարքարանը դատական հայցերում:
Այս կարևոր փաստաթղթերը թաքցնելու գործում ամենաանհանգստացնողն այն է, որ կողմերն այս վեճը դիտարկում են որպես մասնավոր հարց: Պատրիարքարանի ունեցվածքը հետաքրքրում է ամբողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե միայն Պատրիարքարանին կամ տեղական համայնքին: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից հայ ուխտավորները առատաձեռն նվիրատվություններ են արել, որոնք հնարավորություն են տվել Պատրիարքարանին ձեռք բերել այդ ունեցվածքներից շատերը:
Դատական հայցերի բովանդակությունը գաղտնի պահելն անիմաստ է: Որևէ հայց դատարան ներկայացնելիս, պատասխանողը ստանում է դրա պատճենը: Հետևաբար, և՛ հայ մեղադրողները, և՛ իսրայելցի պատասխանող կողմը գիտեն դատական հայցերի բովանդակության մասին: Անտեղյակ են միայն աշխարհասփյուռ հայերը:
Ավելին, հաշվի առնելով Արևելյան Երուսաղեմի վիճարկվող քաղաքական կարգավիճակը, այս վարձակալությունը կարևոր է միջազգային հանրության, այդ թվում՝ պաղեստինցիների, արաբական կառավարությունների, Իսրայելի պետության և բոլոր հայերի, մասնավորապես՝ Երուսաղեմի նոսրացող հայկական համայնքի համար: Զարմանալի չէ, որ Պաղեստինի իշխանությունը բողոքի խիստ նամակ էր հղել Հայոց պատրիարքարանին՝ պատրիարքարանի սեփականության մի խոշոր հատվածը իսրայելցի ներդրողի վերահսկողության տակ դնելու որոշման կապակցությամբ:
Երուսաղեմի պատմական պահապան Հորդանանի թագավորը և Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը համատեղ հայտարարություն էին տարածել՝ մեղադրելով պատրիարքին, միաժամանակ կասեցնելով արքեպիսկոպոս Մանուկյանի ճանաչումը որպես Երուսաղեմի, Սուրբ Երկրի և Հորդանանի Հայ եկեղեցու պատրիարք: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը նույնիսկ խոստացել էր վճարել վարձակալության պայմանագիրը չեղարկելու դեպքում նախատեսված տուգանքը:
2021 թվականի պայմանագիրը ստորագրել են Պատրիարքը, Պատրիարքարանի գլխավոր լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը և Պատրիարքարանի կալվածքների տեսուչ Հայր Պարետ Երեցյանը: Վեճի բռնկումից հետո, Պատրիարքը Հայր Երեցյանին դարձրեց քավության նոխազ և կարգալույծ արեց՝ մեղադրելով նրան խաբեության մեջ: Անհավատալի է՝ Պատրիարքը պնդում էր, որ պայմանագիրը ստորագրել է առանց այն կարդալու: Եթե նա չստորագրեր, մյուս երկու ստորագրությունները որևէ նշանակություն չէին ունենա: Ինչպե՞ս կարող է Պատրիարքը 98 տարվա վարձակալության պայմանագիր կնքել Պատրիարքարանի տարածքի 25 տոկոսի վերաբերյալ՝ առանց նախապես այն կարդալու կամ իր փաստաբանների իրավական կարծիքը ստանալու, որոնք, ըստ լուրերի, ներկա են եղել: Ավելին, նման երկարաժամկետ վարձակալության պայմանագրի կնքումն առանց Գլխավոր ժողովի հաստատման խախտում է Պատրիարքարանի կանոնադրությունը: 2021 թվականին Պատրիարքարանի Միաբանության 17 անդամները, որոնք կազմում են նրա գերագույն մարմնի մեծամասնությունը, երկու հայտարարություն տարածեցին վարձակալության դեմ՝ պնդելով, որ Պատրիարքը լիազորություններ չուներ այն ստորագրելու համար:
Վերջին ամիսներին իսրայելցի ներդրողը և Հայոց Պատրիարքարանը մի քանի անգամ հանդիպել են՝ 2021 թվականի պայմանագիրը վերանայելու համար՝ առաջարկելով կրճատել վարձակալության պայմանները, օրինակ՝ տարածքը 11500 քառակուսի մետրից կրճատելով մինչև 7200 քառակուսի մետր: Տեղական համայնքը դեմ է եղել առաջարկվող վերանայմանը՝ վախենալով, որ դրան համաձայնելը կվավերացնի 2021 թվականի սկզբնական վարձակալության պայմանագիրը:
Անցած շաբաթ 20 ականավոր իսրայելցի գիտնականներ, իրավաբաններ և մշակութային գործիչներ հրատապ հայտարարություն տարածեցին՝ աջակցելով Երուսաղեմի Հայկական թաղամասին և մերժելով «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը։
Վերջապես, Պատրիարքարանի Գլխավոր Ժողովի 28 անդամներն աշխարհի տարբեր ծայրերից սեպտեմբերի 24-ին հանդիպեցին Երուսաղեմում՝ առաջարկվող վերանայված վարձակալության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ընդունելու նպատակով։
Երկար քննարկումներից հետո Գլխավոր ժողովի անդամների ճնշող մեծամասնությունը որոշեց.
1) Եղբայրության անդամների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին և 2021 թվականի նոյեմբերի 15-ին գործարքը դատապարտող հայտարարությունները մնում են ուժի մեջ և պարտավորեցնող են։
2) 2021 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Կովերի պարտեզի» 2021 թվականի վարձակալության պայմանագիրը համարվում է անօրինական, հակականոնական և անվավեր՝ Գլխավոր ժողովի հաստատման բացակայության պատճառով։
3) Գլխավոր ժողովը պաշտոնապես մերժում է թե՛ հավելվածը, թե՛ միջնորդությամբ ձեռք բերված հաշտության համաձայնագիրը։
4) Ստեղծվել է հինգ հոգևորականներից կազմված հանձնաժողով՝ Պատրիարքարանի իրավաբանի հետ միասին՝ շարունակելու հետապնդել իսրայելցի ներդրող «Xana Gardens» ընկերության դեմ ներկայացված չեղարկման հայցը:
Մնում է տեսնել, թե ինչ որոշում կկայացնի իսրայելական դատարանը Պատրիարքի կողմից 2021 թվականին ստորագրված վարձակալության պայմանագրի օրինակալության վերաբերյալ։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի