կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-16 09:53
Հասարակություն

Նարեկ Վանեսյանի անպարկեշտ վարքի ապացույցն ու «հերքման մարաթոնը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն օրերս եռօրյա պարբերականությամբ ստանում է նամակներ Նարեկ Վանեսյանի կողմից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ առողջապահության նախկին նախարար, այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ համարվող Վանեսյանը երեք օրը մեկ ուղարկում է հերքման տեքստեր՝ հաճախ ոչ իրավաչափ պահանջներով։

Առաջին նամակը ստացանք սեպտեմբերի 3-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի վերաբերյալ մեր հոդվածից հետո։ Նյութում, լրագրողի դիտորդական մեկնաբանությամբ, գրված էր. «Հերթը Նարեկ Վանեսյանինն էր, որը, ի տարբերություն Զեյնալյանի, գերազանցիկի պես բոլոր հարցերին անգիր արած պատասխանում էր։ Ակնհայտ էր, որ Վանեսյանին «լավ պատրաստել» էին»։

Սա պարզ դիտարկում էր, բայց Վանեսյանը ոչ իրավաչափ պահանջ է ներկայացնում՝ հեռացնել հրապարակումը եւ տպագրել հերքում։ Իսկ ինչ հերքում՝ ձեւակերպված չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը, ընդառաջելով, բառացիորեն հրապարակում է նրա ուղարկած տեքստը.

«Հոդվածը չի համապատասխանում իրականությանը, այն իր մեջ պարունակում է մի շարք պնդումներ, ենթադրություններ եւ մեկնաբանություններ, որոնք հանդիսանում են Նարեկ Վանեսյանի նկատմամբ զրպարտություն, արժանապատվություն եւ գործարար համբավի ոտնահարում, ինչպես նաեւ վարկաբեկող եւ վիրավորական»։

Սրանով, սակայն, պատմությունը չավարտվեց։

Սեպտեմբերի 5-ին արդեն հաջորդ գրությունն էր՝ այս անգամ մեկ այլ հրապարակման առիթով։ Մեր նյութում հիշեցվել էր 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակված 27 բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը, որտեղ նրանք պահանջում էին, որ Նարեկ Վանեսյանը պատասխան տա իր անպարկեշտ պահվածքի համար։

Այդ նամակը ժամանակին տպագրվել է գրեթե բոլոր ԶԼՄ-ներով. ուստի դրա հիշեցումը նորություն չէր։

Այնուամենայնիվ, Վանեսյանը պահանջում է հերքում հրապարակել անգամ այդ հիշեցման համար։

Մեջբերում. «Հոդվածը ամբողջությամբ ստեղծում է ընթերցողի մոտ բացասական, վիրավորակա եւ զրպարտչական պատկեր Նարեկ Վանեսյանի մասին՝ առանց փաստական հիմքերի եւ օբյեկտիվ վկայությունների»:

Անհասկանալի է, թե ինչու պետք է «Ժողովուրդ» օրաթերթը հերքի 27 պրոֆեսորների բաց նամակ-փաստաթուղթը, որը արդեն իսկ հրապարակվել է ողջ մամուլում։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը արխիվից նաեւ գտել է Վանեսյանի անպարկեշտ պահվածքը հավաստող տեսանյութ (ստորեւ)։

Կարճ ասած՝ Նարեկ Վանեսյանի պահանջները երբեմն հիշեցնում են ոչ թե իրավական դաշտում ըմբռնելի քայլեր, այլ անհասկանալի ճնշումներ մամուլի նկատմամբ։ Եվ որքան էլ «հերքման մարաթոնը» շարունակվի, ակնհայտ է, որ նման պահանջները մասնագիտական որակ չունեն։

«Ժողովուրդ» օրաթերթը բաց է իրավաչափ հերքումների համար, բայց չի կարող ենթարկվել անհիմն ու անտրամաբանական, ոչ իրավաչափ պահանջների»։