կարևոր
640 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-14 14:38
Հասարակություն

Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը՝ հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը

Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը՝ հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը

Խաչի ճանապարհը փշոտ է և նեղ, սակայն այն դեպի Հարություն է տանում, Խաչվերացի օրվա պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Սրբազանի խոսքով, մեր ազգը պատմության ընթացքում բավականին հաճախ է խաչի ճանապարհով գնացել, հանդիպել արհավիրքների, սակայն փարված խաչի խորհրդին հաղթահարել է դժվարությունները։

«Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը, բայց հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը։

Եվ մենք, իբրեւ, քրիստոնեա, եթե հակված լինենք Սուրբ Խաչի խորհրդին, չենք ունենա պարտություններ։

Մեր նախնիները Սուրբ Խաչը ոչ միայն ունեցել են քարերի վրա, եկեղեցիների գմբեթների վրա, այլև իրենց սրտերից ներս։

Մենք այն ազգն ենք, որ խաչվել ենք Քրիստոսի հետ եւ հարություն ենք առել Քրիստոսի հետ։ Վառ օրինակ են Սուրբ Խաչի խորհրդով Վարդանանց պատերազմը, Վահանանց պատերազմը, որոնք կերտեցին հայ ժողովրդի քրիստոնեաբար ապրելու ուղին։

Լիահույս ենք, որ այսօրվա Խաչվերացի տոնին օրվա խորհուրդը մեր սրտերում, մտքերում, ուղեղում դաջված պիտի շարունակենք փառաբանել եւ երկրպագել Սուրբ Խաչին։

«Խաչ քո եղիցի մեզ ապավեն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն»»,- նշել է Հովնան Սրբազանը: