կարևոր
1378 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-04 13:44
Հասարակություն

ՀԷՑ-ի հայցից ՀՀ կառավարությանը Ստոկհոլմում կպաշտպանի մեկ այլ փաստաբանական ընկերություն

ՀԷՑ-ի հայցից ՀՀ կառավարությանը Ստոկհոլմում կպաշտպանի մեկ այլ փաստաբանական ընկերություն

ՀԷՑ–ի հայցից ՀՀ կառավարությանը Ստոկհոլմում կպաշտպանի մեկ այլ փաստաբանական ընկերություն:

Կառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական-փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։

«Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է երևան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Հավելենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու նրա ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։

Հետաքրքիր է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։ Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները փոփոխություններ իրականացրին օրենսգրքում և փաստացի Կարապետյան ընտանիքից վերցրին ՀԷՑ-ը կառավարելու գործառույթը՝ նշանակելով ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին իբրև կառավարիչ։