կարևոր
298 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-27 13:52
Հասարակություն

ՀԷՑ-ը գլխատում են, ասում են՝ «Ничего личного»․ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո հեռացվել է 45-50 աշխատակից․ Ղազինյան

«ՀԷՑ-ից մոտ 45-50 աշխատակից է հեռացվել ժամանակավոր կառավարչի (Ռոմանոս Պետրոսյանի) նշանակումից հետո, և թեպետ կարող է թվալ, որ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների մեջ դա փոքր թիվ է, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ 

«Եկեք չխոսենք միայն հեռացվածների մասին։ Կան շատ դիմում գրողներ, որոնք դա արել են տարբեր ճնշումների տակ։ Ես համարում եմ, որ իր նշանակումից   հետո մինչև այսօր դիմում գրողները նույնպես հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներին չեն դիմացել, շառից-փորձանքից հեռու` դիմում են դրել, գնացել»,- ասաց նա։

Ղազինյանն ուշադրություն հրավիրեց, որ աշխատանքից ազատվել են հիմնականում ղեկավար պաշտոնյաները, որոնք նշանակվել էին ոչ թե ըստ կուսակցական պատկանելիության, այլ՝ ունեցել են հստակ գործառություներ։ 

«Հիմա այսպես գլխատելով ՀԷՑ-ը՝ բերում են ՔՊ-ականների կամ ՔՊ-ամերձ անձանց, պարտված թեկնածուների՝ նպատակ չեն հետապնդում իրենց հռչակած նպատակը չէ՝ ՀԷՑ-ի լավ աշխատանքը, չի կարող նման բան լինել։ Այդ պարագայում ինչ են պատրաստվում անել՝ իմ կարծիքով՝ ունեն շատ կարճաժամկետ ծրագիր՝ ընդամենն իրենց քաղաքական հայացքներին դեմ մարդկանցից ազատվելը»,- ասաց Ղազինյանը։ 

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ աշխատանքի տեսչությունը, տեսնելով այս ազատումները, վարույթ չի հարուցում։ 

Ի դեպ, Դավիթ Ղազինյանն ինքն իր աշխատանքից ազատման մասին իմացել է «Սիվիկ» լրատվականից։