Միասին կարող ենք
կարևոր
745 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-22 08:53
Հասարակություն

Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»

Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյան-ը դեռևս մինչև ամառ կմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ։ Պատճառը կապված է Տաշիր Կապիտալ ՓԲԸ-ի կողմից ներկայացված դատական հայցի հետ։ Մասնավորապես, 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր՝ ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել կառավարության հետ համաձայնեցված կարգով։ Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով այդ բաժնեմասը համաձայնեցված կարգով օտարելու հնարավորությունը։

Միաժամանակ, մինչև մայիսի 25-ը կասեցվել է այն եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվեր վաճառքի գործընթացը։ Սա նշանակում է, որ մինչև նշված ժամկետի ավարտը ՀՀ կառավարությունը չի կարող որևէ գործողություն իրականացնել ՀԷՑ-ի բաժնեմասի վերաբերյալ։ Նախնական ծրագրով պետությունը պետք է ՀԷՑ-ը ճանաչեր հանրային գերակա շահ, այն ամբողջությամբ ձեռք բերեր (100% բաժնեմաս), ապա անցներ լիարժեք կառավարման։ Սակայն դատական որոշման արդյունքում այս գործընթացը ժամանակավորապես կանգ է առել։

Մայիսի 25-ից հետո միայն հնարավոր կլինի վերսկսել գործընթացը․ սպասվում է, որ իշխանությունները կճանաչեն ՀԷՑ-ը որպես հանրային գերակա շահ, որից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ը (ՀԾԿՀ) կառավարման համար համապատասխան լիցենզիաներ կտրամադրի։

Այս ամբողջ գործընթացը, ըստ կանխատեսումների, կարող է տևել ևս մի քանի ամիս։ Այդ ընթացքում ՀԷՑ-ի կառավարումը կշարունակի իրականացնել Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ։ Ահա Տաշիր ընկերությունից ՀԷՑ-ը խլելու օպերացիայի ճանապարհային քարտեզը: