կարևոր
1228 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-23 11:53
Իրավական

Այս բռնաճնշումներն ու հոգեբանական տեռորը կիրառվում են մեզ կոտրելու, վախեցնելու համար. Գառնիկ Դանիելյանը դատական ֆարսի մասին

Այս բռնաճնշումներն ու հոգեբանական տեռորը կիրառվում են մեզ կոտրելու, վախեցնելու համար. Գառնիկ Դանիելյանը դատական ֆարսի մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Այս օրերին ընթանում է Բագրատ Սրբազանի բնորոշմամբ «18 արդարների» գործով դատական նիստը, քննվում է կալանքները փոխարինելու հարցը:

Դատարանը մեծամասամբ բավարարում է կալանքը երեք ամսով երկարաձգելու մեղադրող կողմի միջնորդությունները:

Ինչպեսև սպասելի էր՝ հաշվի չեն առնվում քաղաքական հալածյալների առողջական խնդիրները. չկա բարոյականություն, ապրումակցման նշույլ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունների հրահանգով ամեն ինչ արվում է, որպեսզի մեր ամենից խիզախ ու հայրենասեր ընկերների վրա կարվեն շինծու գործեր:

Բոլորի դեպքում կիրառվում են նույն շաբլոնային արտահայտությունները: Սա ֆարս է, չկա ուրիշ բնորոշում:

Նախաքննության փուլն ավարտված է, ազատությունից զրկված մեր ընկերները չունեն պրոցեսի վրա ազդելու, խոչընդոտելու որևէ միջոց: Չնայած այս հանգամանքին՝ որոշում է կայացվում երկարաձգելու կալանքը:

Սրանց իշխանության օրոք ունեցանք նաև կին քաղբանտարկյալ: Առնվազն Լիդյա Մանթաշյանի դեպքում կարելի էր «բացառություն» անել և փոխել խափանման միջոցը:

Այսօր գործընկերներիս հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցել եմ նաև Միքայել Սրբազանին: Սրբազանը չի կորցրել իրեն բնորոշ տոկունությունը: Մեզնից անգամ իտալական գրականություն խնդրեց:

Այս բռնաճնշումներն ու հոգեբանական տեռորը կիրառվում են մեզ կոտրելու, վախեցնելու համար:

Բայց ես վստահ եմ, որ մեր ընկերներն այս ամենից դուրս են գալու ավելի ուժեղացած:

Իշխող խմբակն իր պարագլխի հետ միասին արդեն իսկ պարտվել է՝ չհասնելով նպատակին: Մեր երկրում արդարադատություն ԼԻՆԵԼՈՒ է»: