կարևոր
1117 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-21 22:09
Աշխարհ

Լոնդոնն արդեն Կիևին 200 միլիոն դոլարի ՀՕՊ համակարգեր է մատակարարել

Լոնդոնն արդեն Կիևին 200 միլիոն դոլարի ՀՕՊ համակարգեր է մատակարարել

Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել 150 միլիոն ֆունտ ստեռլինգի հակաօդային պաշտպանության սարքավորումներ և հրետանային արկեր՝ այս տարվա համար նախատեսված 700 միլիոն ֆունտ ստեռլինգից (200 միլիոն դոլար 940 միլիոն ԱՄՆ դոլարից): Դրա մասին ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է՝ ֆինանսավորումը կուղղվի նաև նոր անօդաչու թռչող սարքերի գնմանը, արդեն մատակարարված զենքի վերանորոգմանը և սպասարկմանը։ Հայտարարությունն ինքնին համընկնում է Ուկրաինային ռազմական մատակարարումների հարցով «Ռամշտայն» ձևաչափով կոնտակտային խմբի՝ հուլիսի 21-ին նախատեսված առցանց հանդիպման հետ։

Հաղորդագրության մեջ մեջբերվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի խոսքերը։ Նա հայտարարել է, որ Լոնդոնը համաձայնել է մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու ծրագրի իրականացմանը։ «Մեծ Բրիտանիայի կառավարությունն աջակցում է այս քաղաքականությանը, և մենք մեր լիարժեք դերը կկատարենք դրա հաջողության ապահովման գործում՝ ամրապնդելով Ուկրաինայի պայքարը այժմ և աջակցելով մեր սեփական և ավելի լայն եվրոպական անվտանգությանը»,- շեշտել է Հիլին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վեց ամսից էլ պակաս ժամանակահատվածում Ուկրաինա է մատակարարվել 50 հազար ռազմական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ևս 20 հազար անօդաչու թռչող սարք է փոխանցվել Մեծ Բրիտանիայի և Լատվիայի գլխավորած համատեղ կոալիցիայի շրջանակում։ Գերատեսչությունը միաժամանակ հաստատել է, որ երկուշաբթի անցկացվելիք նիստում կհայտարարվի Գերմանիայի հետ հակաօդային պաշտպանության համակարգերի համար լրացուցիչ հրթիռներ գնելու նոր համաձայնագրի մասին։ Ըստ հաղորդագրության՝ Գերմանիան այդ նպատակով ավելի քան 170 միլիոն եվրո կհատկացնի։