Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մամուլից են տեղեկացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ՀԾԿՀ ներկայացված դիմումի հիման վրա իրենց դեմ վարչական վարույթ հարուցելու մասին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարաջյանն ասաց, որ այս պահի դրությամբ սպասում են հանձնաժողովի պաշտոնական որոշմանը, ինչից հետո միայն կկարողանան քննարկել իրենց հետագա քայլերը։
«Մեզ չեն տեղեկացրել Ձեր նշած՝ նոր կառավարիչ նշանակելու մասին։ Ընդհանրապես, երբ հանձնաժողովը վարույթ է հարուցում, մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը։ Սովորաբար հանձնաժողովը մեզ ժամանակ է տրամադրում՝ մեկնաբանություններ, առարկություններ կամ համաձայնություն ներկայացնելու համար։ Այս անգամ, սակայն, որոշման հրապարակումից առաջ այդ հնարավորությունը չունեցանք», – ասաց Սարաջյանը։
Հարցին, թե արդյոք պարզ է՝ որ պաշտոնյան կարող է փոխարինվել այս որոշմամբ և ինչ իրավասություններ կունենա նշանակվելիք կառավարիչը, ՀԷՑ-ի խոսնակը պատասխանեց, որ ընկերությունն ունի տնօրենների խորհուրդ՝ նախագահով, անդամներով, գործադիր տնօրենով և վերջինիս տեղակալներով։
«Հիմա՝ երբ ասում են «կառավարիչ», հնարավոր է նկատի ունեն գործադիր տնօրենին։ Նրանք օրենքում դրույթ են ավելացրել, ըստ որի՝ կառավարիչը կարող է ազդեցություն ունենալ տնօրենների խորհրդի որոշումների վրա։ Բայց այս պահին չենք կարող ասել՝ որքան է այդ ազդեցության շրջանակը։ Չենք կարող մեկնաբանել նաև՝ արդյոք կառավարիչը կունենա կադրային քաղաքականության վրա ազդեցություն։ Այդ հարցերին պատասխան տալու լիազորությունը հանձնաժողովինն է», – ընդգծեց Սարաջյանը։
Նա հավելեց, որ միայն պաշտոնական որոշման հրապարակումից հետո հնարավոր կլինի հասկանալ՝ ինչ հիմքերով է հարուցվել վարույթը և ինչպես է ՀԷՑ-ը տեսնում իր հետագա գործելակերպը։
Աղբյուր՝ Փաստինֆո