|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։
Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։
Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։
Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»։