կարևոր
1336 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-26 09:17
Հասարակություն

Փաշինյանը գեներացնում է ֆեյք լուր, հետո դրան տալիս քրեաիրավական գնահատական, ապա` կալանք. «Ժողովուրդ»

Փաշինյանը գեներացնում է ֆեյք լուր, հետո դրան տալիս քրեաիրավական գնահատական, ապա` կալանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սրբազան պլան» անվանումը ստացած օպերացիան ոտքից գլուխ կեղծ լուր է, բայց դրա հիմքով մոտ երկու տասնյակ մարդիկ ազատազրկվեցին, Հայաստանի միջազգային վարկանիշը գահավիժեց, ահաբեկչական մթնոլորտ ստեղծվեց ամենուր: Ինչո՞ւ, քանի որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու:

Հիմա փաստերը շարենք հերթով.

Փաստ 1. Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հարսանիքի մասին Կառավարության նիստում խոսելիս հայտարարեց, թե Հայ առաքելական եկեղեցին «չուլան» է հիշեցնում:

Փաստ 2. Եկեղեցականները կոշտ արձագանքեցին, բնականաբար` հորդորելով չվիրավորել եկեղեցին:

Փաստ 3. Փաշինյանը սևեռվեց եկեղեցականների վրա և սկսեց սկզբում թեական, ապա հաստատակամ հայտարարել, թե Կաթողիկոսը կուսակրոնության ուխտը դրժել է, պետք է հեռանա: Ինչպես կհեռանա՝ չգիտի անգամ Փաշինյանը, բայց շատ է ուզում:

Փաստ 4. Վարչապետը թիմին շարունակում է հրահանգներ տալ, թե Եկեղեցու նկատմամբ ճնշումը պետք է ավելացնել, վարկաբեկել, սևացնել եկեղեցականներին` պոռնկաբարո բառապաշարով անգամ:

Փաստ 5. Հատկապես Թուրքիա կատարած աշխատանքային այցից հետո Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավի նոր նշաձող սահմանեց:

Փաստ 6. Տարիներ շարունակ Հայ ժողովրդի մեծ բարերար, Եկեղեցու կողքին կանգնած ամենահաջողակ ու հայտնի հայերից մեկը` Սամվել Կարապետյանը, հենց Էջմիածնից հայտարարեց, որ Եկեղեցու կողքին է, և հավելեց՝ հարկ եղած դեպքում «մեր ձևով կմասնակցենք» պաշտպանությանը:

Փաստ 7. Նիկոլ Փաշինյանը սկսեց ստատուսներով գրոհ, թե Կարապետյանը հեղաշրջման կոչ է անում և բարերարին վերագրեց «միջամտել» բառը, որը նա չի օգտագործել, բայց ինքը` Փաշինյանը, միջամտեց արդարադատությանը և Կարապետյանն արդեն մեկ շաբաթից ավելի ազատազրկված է:

Փաստ 8. Փաշինյանը ԱԺ-ում հաջորդ օրը հանդարտ տոնով հայտարարեց, թե ինքը ՀԷՑ-ը ազգայնացնելու ծրագիր էր մշակել, հանձնարարական տվել, հանձնարարականի ժամկետը լրանում էր հունիսի 20-ին, դրա համար Սամվել Կարապետյանը Էջմիածնում Եկեղեցու կողքին կանգնելու կոչ արեց:

Փաստ 9. Նիկոլ Փաշինյանը, իր կառավարությունը ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ որեւէ առարկություն չեն հայտնել, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի գործունեությունից դժգոհություն չի եղել, 2025-ի մասով էլ աշխատանքային ծրագրերը հաստատել են միասին: Այ թե երբվանից է նա սկսել ՀԷՑ-ից դժգոհել, երբ է հասկացել, որ Հայաստանում Էներգետիկ ճգնաժամ է, անհասկանալի է: Նկատենք նաև, որ 8 ամիս է ՀՀ-ն չունի էներգետիկ գծով փոխնախարար` պատասխանատու մեր երկրում: Այլ կերպ ասած՝ Կառավարությունում էներգետիկ ճգնաժամ է:

Փաստ 10. Իշխանական լրատվամիջոցը նախօերին բացահայտեց մի փաստաթուղթ` ամսաթվերը փակած, որտեղ նշվում էր, թե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հեղաշրջում է պլանավորում: Սկսեցին խուզարկություններ:

Փաստ 11. Երեկ՝ առավոտից, խուզարկությունները շարունակվեցին և սկսվեցին ձերբակալությունները: Որպես թիվ մեկ հանձնարարական՝ բոլորի հեռախոսները առգրավել են ՀՀ Քննչական կոմիտեում: Հովիկ Աղազարյանի օրինակով` պետք է սպասենք ընդդիմադիր գործիչների անձնական նամակագրությունների հանրայնացմանը:

Փաստ 12. Քննչական կոմիտեն հրապարակեց փաստաթուղթ (սխալմամբ կամ թափթփվածության հետևանքով), որը իբրև թե խուզարկությունների արդյունքում է բացահայտվել: Դա այն նույն փաստաթուղթն էր, որը նախօրեին ՔՊ-ի «Սիվիկ»-ն էր հրապարակել, բայց այս անգամ կար ամսաթիվ փաստաթղթի վրա, ինչը նշանակում է, որ այն 2024 թվականին է վերաբերելի: Այսինքն՝ Քննչական կոմիտեն բացահայտել է հանցանք, որը, ըստ իրենց, պետք է կատարվեր նախորդ տարի: Ու չնայած այս զավեշտին՝ մարդիկ են կալանավորվում:

Փաստ 13. Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինն ու թիմակիցները շարունակեցին ողջ օրը թիրախավորել Կաթողիկոսին, սրբազան մյուս հայրերին, անգամ Կաթողիկոսին հանդիպած առաջին նախագահին` չշեղվելով իրենց ուղուց, այն է` հասնել Կաթողիկոսի հեռացմանը:

Փաստ 14. «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ շրջանակներից տեղեկացավ, որ երեկ բերման ենթարկված բոլոր անձանց տրված հարցերի մեջ եղել է Կաթողիկոսի մասին հարց, որպեսզի նրան ևս ներգրավեն այս պատմությունների մեջ, և իրավապահ համակարգը իրավունք ունենա մտնելու Եկեղեցի և «ասֆալտին փռելու» Կաթողիկոսին ու մի քանի եպիսկոպոսների, ովքեր ակտիվ են եղել այս ընթացքում:

Փաստ 15. Գործընթացները դեռ շարունակվում են, էլի մարդիկ կձերբակալվեն: Թիրախում Սամվել Կարապետյանի թիմակիցներն են, հատկապես Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Փաստ 16. Երեկ արդեն մայրաքաղաքում խոսվում էր, որ աղանդավորները տարբեր խմբեր են ձևավորում` հարձակվելու եկեղեցու վրա՝ այդ թվում և երկաթե ձողերով, ինչպիսիք գտնվել էին խուզարկություններից մեկի ժամանակ:

Փաստ 17. Նիկոլ Փաշինյանը չի խաղաղվելու, գրելու է ՍՄՍ-ներ, և էլի կձգտեն նոր քայլերի՝ կա՛մ կստիպեն Կաթողիկոսին հրաժարվել, հեռանալ, կա՛մ կփորձեն նրան պառկեցնել ասֆալտին ու տանել: Սա է Նիկոլ Փաշինյանի գործողությունների նպատակը բոլոր տեսակի վերլուծություններով:

Փաստ 18. Փաշինյանը հետ չի կանգնելու, նա սրելու է իրավիճակը և գնա մինչև վերջ:
Մնացածը` առաջիկայում»։