կարևոր
709 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-23 10:58
Աշխարհ

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորներինը՝ 59-ի

Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորներինը՝ 59-ի

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 22-ին երեկոյան պատարագի ժամանակ մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, ևս 59 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։

Նախարարությունը հաստատել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։

Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը հաստատել է հետաքննության մեկնարկը և հայտարարել, որ «այս հանցագործությունները չեն խանգարի սիրիացիներին միասնական լինել»։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս «Իսլամական պետության» ներգրավվածությունը հարձակման մեջ: Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի և կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն: