կարևոր
2953 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 12:20
Աշխարհ

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90-ի

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90-ի

Պակիստանի Փեշավար քաղաքի (հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվայի նահանգ՝ Աֆղանստանի հետ սահմանի մերձակայք) մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 90-ի։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Պակիսանի պետական ռադիոյին:

Ըստ տեղի իրավապահների՝ պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 200-ից ավելի տուժած, որոնցից 100-ը շարունակում է բուժումը: Խայբեր Փախտունխվայի նահանգապետ Մուհամմադ Ազամ Խանն ամբողջ նահանգում մեկօրյա սուգ է հայտարարել:

Ավելի վաղ Geo.tv հեռուստաալիքը հայտնել էր 72 զոհի մասին: Ըստ անվտանգության ազգային մարմինների աշխատակիցների տեղեկատվության՝ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը  մզկիթում գործի Է դրել կեսօրվա աղոթքի ժամանակ, որտեղ գտնվում Էին շատ մարդիկ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ և զինծառայողներ:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են, և զոհերի թիվը կարող է աճել։ Նշվում է, որ պայթյունի պահին մզկիթում կարող էր լինել մինչև 500 մարդ։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Պակիստանում արգելված «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժումը («Պակիստանի թալիբների շարժում», որը կապված է «Թալիբան» շարժման հետ):

Տարածաշրջանում «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժման զինյալների թիվը հասնում Է 7 հազարից մինչև 10 հազարի: