կարևոր
4108 դիտում, 20 ժամ առաջ - 2025-06-13 11:31
Հասարակություն

Զոհված հայերի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ, մեր մտահոգությունն արդեն նաև Սյունիքն է․ բացառիկ անդրադարձ՝ Թեհրանից

Զոհված հայերի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ, մեր մտահոգությունն արդեն նաև Սյունիքն է․ բացառիկ անդրադարձ՝ Թեհրանից

«Հարձակումը սկսվել է կեսգիշերին՝ 2։30-ից, թիրախում եղել են ռազմական օբյեկտներն ու ռազմական ղեկավարների տները։ Թեհրանի արևելյան ու արևմտյան շրջաններին են հարվածներ հասցվել, իսկ Թեհրանի կենտրոնը, որտեղ հիմնականում հայաբնակ թաղամասեր են, չի ռմբակոծվել։ Այս պահին, առավոտյան 10։30 է, տեղեկություններ չունեք որևէ հայի վիրավորվելու կամ մահվան մասին, բայց նաև նշեմ, որ այս պահին ռազմական գործողություն չկա, հանդարտ է և, բարեբախտաբար, հայկական թաղամասերը վնասված չեն»,- այս մասին Yerkir.am-ին փոխանցեց Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսակ Հունանեսյանը։

Մեր զրուցակիցը նաև մտահոգություն հայտնեց Սյունիքի մասով՝ չբացառելով, որ հնարավոր է Ադրբեջանն օգտագործի առիթը։
 

«Երեկ ավարտվել է Նախիջևանում համատեղ զորավարժությունը Թուրքիայի և Բաքվի միջև։ Մտահոգություն կա, որ առթից օգտվեն և Սյունիքի հարցը փորձեն լուծել։ Կոչ եմ անում մեր ՊՆ-ին և Հայաստանի իշխանություններին, որ զգոն լինեն և մարտական դիրքերն ամրացնեն, որովհետև եթե այս պատերազմը մի քիչ երկարի և թեժանա, հատկապես որ Իրանի որոշ գլխավոր ռազմական գործիչներ զոհվել են, Ադրբեջանն առիթն օգտագործի և հարձակվի»,- համոզմունք հայտնեց Իսակ Հունանեսյանը։

Հիշեցնենք, այս գիշեր Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Ռմբակոծվել են մայրաքաղաք Թեհրանը և Թավրիզը: Իրանի ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են  Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի (ՀՕՊ) հրամանատար Ղոլամալի Ռաշիդն ու նրա որդին, Միջուկային գիտնականներ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։ Հայտնի է, որ Թեհրանի վրա Իսրայելի հասցված ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից մոտ 35-ը կանայք և երեխաներ են։ Փակ է Թեհրանի օդանավակայանը։ Հաղորդվում է տարբեր ուղղություններով թռիչքների սահմանափակումների մասին։ Թել Ավիվ-Երևան չվերթը ևս չեղարկվել է։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են «այնքան, որքան հարկ լինի»՝ չեզոքացնելու Իրանի միջուկային ու բալիստիկ ծրագրերը։ ԱՄՆ–ը պաշտոնապես հայտարարում է, որ չի մասնակցել հարձակմանը, սակայն «պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր շահերը»: