Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։
Հիշեցնենք՝ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել։ Այսօր սակայն Գասպարյանին փոխարինող չընտրվեց, քանի որ ՔՊ-ն բոյկոտել էր նիստը։ Ստացվում է՝ Վաղարշապատում Գյումրիի և Փարաքարի նման նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար, ապա անցկացվելու են արտահերթ ընտրություններ։
Այսօր լրագրողների հետ զրույցում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Խոյ համայնքը կմիանա Վաղարշապատ համայնքին, կլինեն ընտրություններ, իսկ ՔՊի թեկնածուն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է, ով նշանակվելու է նաև ժամանակավոր պաշտոնակատար։
«Արգիշտի Մեխակյանը եղել է Խոյ համայնքի համայնքապետը, և Խոյ ու Վաղարշապատ համայնքների խոշորացումը բացառապես մենք դիտարկում ենք քաղաքական ենթատեքստում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ նշելով, որ իշխանությունները որոշել են միավորել այս երկու համայնքները, որպեսզի իրենց թեկնածու Արգիշտի Մեխակյանը հնարավորություն ունենա դառնալ համայնքի ղեկավար։
«Այլ խնդիր չկա, հակառակ դեպքում եթե այս խոշորացումը համայնքների շահերից ելնելով են անում, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչու չխոշորացվեց, կամ ինչու Արաքս համայնքը չի միանում Վաղարշապատ համայնքին։ Միայն Խոյն է միանում 17 գյուղական համայնքով։ Դա արվում է, որպեսզի կարողանան բավարար ձայներ ապահովեն։ ՔՊ–ի կարծիքով, իրենք այնտեղ ունեն որոշակի ընտրազանգված, որը իմ կարծիքով այդպես չէ։ Վստահ եմ, որ եթե այդ սցենարով ընտրություններ լինեն, մենք դա բոլորս կտեսնենք»,-ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե ավագանու նիստի չկայանա, Սևակ Խաչատրյանը պատասխանեց. «Ընթացակարգի համաձայն 1/3–ի պահանջով ևս մեկ նիստ կպահանջենք համայնքի ղեկավարի ընտրության նույն օրակարգով։ Եթե դա էլ չկայանա, ինձ թվում է իրենք այսօր հայտարարել են տարբեր լրատվամիջոցներով, որ Արմավիրի մարզպետ Մեխակյանին նշանակելու են Վաղարշապատ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։ Ես ուզում եմ ուղղակի հասկանամ այդ դեպքում, ու՞ր է իրենց փրայմերիզները։ Գյումրիում, Փարաքարում, փրայմերիզով ընտրեցին, ինչի՞ էջմիածնեցիներին դա չեն հարցնում, ի՞նչ է, Էջմիածինը չեն սիրո՞ւմ, թե՞ գիտեն, որ Էջմիածնում իրենց ռեյտինգը բավականին ցածր է, պատմական նվազագույնի է հասել»,-ասաց Սևակ Խաչատրյանը։