կարևոր
631 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-09 11:48
Աշխարհ

Արաղչին հայտնել է, որ Իրանը պատրաստ է հարաբերությունները զարգացնել եվրոպական բոլոր երկրների հետ

Արաղչին հայտնել է, որ Իրանը պատրաստ է հարաբերությունները զարգացնել եվրոպական բոլոր երկրների հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է Եվրոպայի պետությունների, մասնավորապես Իտալիայի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման և զարգացման պատրաստակամության մասին՝ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի սկզբունքների հիման վրա։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այդ դիրքորոշումը հայտնել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ռիկարդո Գուարիլիայի հետ հանդիպմանը, որը Թեհրան է ժամանել երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների հինգերորդ փուլին մասնակցելու համար։ 

Բանակցությունների ընթացքում Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի և Իտալիայի միջև պատմականորեն բարեկամական կապերը, որոնք ընդգրկում են լայն սպեկտրի փոխգործակցություն քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

Արաղչին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը նպատակադրված է ընդլայնելու երկխոսությունը և համագործակցությունը Եվրոպայի տարբեր երկրների, հատկապես Իտալիայի հետ՝ ինքնիշխանության հարգման և փոխադարձ շահերը հաշվի առնելու պայմանով։

Նա նաև ընդգծել է կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների կարևորությունը՝ որպես կողմերի դիրքորոշումների ավելի խորն ըմբռնման, ինչպես նաև երկկողմ գործընկերության, տարածաշրջանային կայունության և գլոբալ  անվտանգության ամրապնդման խթանման արդյունավետ մեխանիզմ։ 

Ռիկարդո Գուարիլիան էլ գոհունակություն է հայտնել Թեհրան կատարած այցի և Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ հանդիպման առթիվ։ Նա փոխանցել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի պաշտոնական ողջույնները և հաստատել է Հռոմի շահագրգռվածությունը Թեհրանի հետ կառուցողական երկխոսությանը շարունակման հարցում: