կարևոր
3037 դիտում, 5 օր առաջ - 2025-06-02 11:33
Առանց Կատեգորիա

Ամերիկյան մամուլում հայերի ջարդերը նկարագրող արտահայտություններն արտացոլում են Ցեղասպանության բնույթը․Արա Քեթիբյան

Ամերիկյան մամուլում հայերի ջարդերը նկարագրող արտահայտություններն արտացոլում են Ցեղասպանության բնույթը․Արա Քեթիբյան

Մայիսի 29-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում հյուրընկալվել էր սփյուռքահայ ցեղասպանագետ, արխիվագետ Արա Քեթիբյանը։ Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը։

Աղբյուրի համաձայն՝ բանախոսը հանդիպման շրջանակներում ներկայացրել է Հայոց ցեղասպանության և Օսմանյան կայսրության կողմից իրագործված այլ ցեղասպանությունների ոլորտում իր կատարած ուսումնասիրությունները։

Նա մասնավորապեա նշել է, որ որպես իր հիմնական ուսումնասիրության նյութ ընտրել է ամերիկյան մամուլը՝ առաջնորդվելով հատկապես հետևյալ 2 գործոններով․

1․ Առաջին աշխարհամարտի ընթացքում ԱՄՆ-ը չեզոք երկիր է եղել։

2․ ԱՄՆ-ը բազմաթիվ միսիոներներ է ունեցել Օսմանյան պետության զանազան շրջաններում։

Ինչպես շեշտել է բանախոսը, թեև Հայոց ցեղասպանության տարիներին ցեղասպանություն տերմինը դեռ չէր հայտնագործվել, սակայն ամերիկյան մամուլում հայերի ջարդերը նկարագրող բառերն ու արտահայտությունները լիովին արտացոլում էին Ցեղասպանության բնույթը։ Այսպես, օրինակ, ամերիկյան մամուլի էջերում շատ հաճախ կարելի էր հանդիպել «մանուկների փոխանցում մի խմբից մյուսը», «կանանց բռնի ամուսնացում և իսլամացում» և նման այլ արտահայտությունների։

Արա Քեթիբյանը հայտնել է, որ իր ուսումնասիրությունների շրջանակներում անդրադարձել էր նաև հույների ցեղասպանությանը՝ նկատի առնելով այն փաստը, որ ամերիկյան պարբերականներում լույս տեսած հոդվածների վերնագրերում «հայերի կոտորածներ» արտահայտության կողքին հիմնականում նշվում էր նաև «հույների ջարդեր» արտահայտությունը։ Արդ, ըստ նրա, հույների ցեղասպանությանը նվիրված հատորը կարելի է համարել նաև Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ուսումնասիրություն։

Սփյուռքահայ ցեղասպանագետը նաև ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքների հիմնական բեռն ընկնում է սփյուռքահայության ուսերին, և որ ճանաչմանն ուղղված վերջին քայլը Ցեղասպանության թեման տվյալ երկրի կրթական ծրագրերում ներառելն է։

Խոսքի վերջում արխիվագետ Արա Քեթիբյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փուլն արդեն ավարտին է հասցվել, և հիմա պետք է անցնել մյուս հարթակին՝ պահանջատիրությանը։

Մելինե Անումյան

www.akunq.net